Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` մարտի 5-ին, ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, ՀՀ բանակի կազմակերպիչ, հիմնադիր, ՀՀ վարչապետ, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 57 տարեկան:
Վազգեն Սարգսյանը ծնվել է Արարատի շրջանի Արարատ գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։ Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։ 1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ 1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է «Երկրապահ կամավորականների միությունը»` ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ` դառնալով Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման եւ «Հայրենիք» շքանշանի։