կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-03-03 12:18
Քաղաքական

Կառավարությունը հաստատեց ԸՕ նախագիծը, դրա քննակումները տեղափոխվեցին ԱԺ

Կառավարությունը հաստատեց ԸՕ նախագիծը, դրա քննակումները տեղափոխվեցին ԱԺ

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ԸՕ նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունները:

Նա նշեց, որ այդ նախագծի հիմքում ընկած են սահմանադրական փոփոխությունները և Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի դրույթները:

«Աշխատանքային խումբը լարված է աշխատել. մենք ունեինք երկընտրանք` երբ նախագահը սահմանում էր ժամկետները, կամ հիմնական քննարկումների համար ժամանակը տրամադրվում է կառավարությանը կամ էլ ԱԺ-ին: Եվ ճիշտ էր այն որոշումը, որ քննարկումների հիմնական բեռը պետք է ընկնի ԱԺ-ի վրա, այսինքն` քննարկումները պետք է տեղափոխվեն քաղաքական դաշտ, ահա, թե ինչու կառավարությանը տրվեց համեմատաբար սեղմ ժամկետ: Եթե այսօր հավանության արժանանա այս որոշումը, ապա կազդարարենք հանրային քննակումների սկիզբը ԱԺ-ում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ նախագծում կան մի քանի կարևոր նորամուծություններ: Առաջարկվում է, որ  Գյումրի և Վանաձոր քաղաքների համայնքային ընտրությունները տեղի ունենան Երևանի մոդելով, և ըստ Հարությունյանի` ցանկը հետագայում կընդլայնվի: Հաջորդ կարևոր փոփոխությունը ԱԺ-ի ձևավորումն է, որը համամասնականի արդյունքում է ձևավորվելու, այսինքն` մեծամասնական ընտրակարգ այլևս չի լինելու: Հաջորդ կարևոր փոփոխությունը ԿԸՀ ձևավորումն է, արմատապես փոխվել է ձևավորման կարգը, այն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից:

Դավիթ Հարությունյանը սեղմ ներկայացրեց մնացած բոլոր կարևոր փոփոխությունները: Նրա խոսքով՝ մարտի կեսերին միջազգային փորձագետները կժամանեն Հայաստան՝ մասնակցելու քննարկումներին:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը առաջարկեց անհետաձգելի ճանաչել նախագիծը` հաշվի առնելով ԱԺ-ի ծանրաբեռնված օրակարգը:

Դավիթ Հարությունյանը արձագանքեց, որ անհետաձգելի, իհարկե, կարող է ճանաչվել, սակայն դա կարող է սխալ հասկացվել գործընկերների կողմից: Նա պարզաբանեց, որ արհեստականորեն պետք չէ արագացնել ԸՕ նախագծի ընդունման գործընթացը:

Կառավարությունը հաստատեց ԸՕ նախագիծը, որից հետո, ըստ էության, քննարկումները տեղափոխվում են ԱԺ: Վարչապետը շեշտեց, որ վաղվանից ծավալուն աշխատանք է սպասվում բոլորին: