Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարել է Վարդգես Գասպարիի խափանման միջոցը`կալանքը, փոխելու միջնորդությունը եւ որոշում կայացրել Գասպարիին անհապաղ ազատ արձակելու մասին: Ի դեպ, Գասպարիի փաստաբանները Վերաքննիչի այս նիստին ներկա չեն եղել:
Այդուհանդերձ, այս պատմության մեջ, իմ կարծիքով, ամենաուշագրավը հետեւյալ` թվացյալ մանրուքն է` այն, որ Գասպարին ձերբակալվել է ոչ թե կառավարության շենքի դիմաց, ենթադրենք` Սեյրան Օհանյանին մարդասպան անվանելիս, մայրաքաղաքի հրապարակներում պառկելիս, այլ դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճում պառկելուց եւ դատավորին վիրավորելուց հետո: Սա ամենակարեւորն է, քանի որ կառավարության շենքի դիմաց, փողոցում, նախարարներից յուրաքանչյուրին, այդ թվում` Սեյրան Օհանյանին մեր երկրում, փաստորեն, կարելի է մարդասպան անվանել, համենայն դեպս, դրա համար չեն ձերբակալում: Ավելին` մեր երկրում չեն ձերբակալում նաեւ փողոցի ցանկացած կետում պառկելու համար: Օրինակ` Իրանում, որտեղից հայրենիք է վերադարձել Գասպարին, եթե մեկը, այն էլ՝ ի նշան բողոքի, փողոցում պառկի, թեկուզ` հայտնվի, կձերբակալեն էլ, անմիջապես հենց նրա պառկած տեղում կպատժեն էլ, բայց սա՝ իմիջիայլոց:
Դատարանի դահլիճում, որտեղից էլ հենց ձերբակալվել է Գասպարին, պառկել չի կարելի, եթե միայն պառկողը դատարանի շենքի պահակը չէ, եւ դատարանում աշխատանքային ժամն ավարտվել է, ու շենքում մարդ չկա: Ավելին` դատավորին, նույնն է՝ դատարանին վիրավորել դատական նիստի ժամանակ ոչ թե չի կարելի, այլև արգելված է օրենքով, այսինքն` դա քրեորեն պատժելի արարք է, եթե չեմ սխալվում, եւ չեմ սխալվում, առավելագույնը երեք ամիս ազատազրկման պատժով: Ընդ որում` դատարանին վիրավորել, կաշառված, ծախված, ապօրինի լինելու մեջ մեղադրել չի կարելի անգամ, երբ դատարանն, իրոք, կաշառված է, ծախված է, ապօրինի գործունեություն ծավալող է:
Հիմա` խախտե՞լ է, արդյոք, պետության օրենքը Վարդգես Գասպարին: Քաղաքացիական ակտիվիստի եւ օրինախախտի սահմանագիծը խիստ նուրբ է, գրեթե անտեսանելի: Եվ շատ կարեւոր է, որ քաղակտիվիստն այդ լարը տեսնելու ունակություն ունի, իսկ ունենում է, երբ տեսնելու ցանկություն ունի: Ձերբակալությունից հետո դատարանը Գասպարիի հարցով որոշել է, որ մարդը պետք է կալանավորվի եւ իր պատիժը կրի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Օրե՞նք է խախտել դատարանը` Գասպարիի պատժի որոշման տեսանկյունից, ո\'չ, չի խախտել, իսկ կարո՞ղ էր, արդյոք, ավելի մեղմ պատիժ սահմանել Գասպարիի հարցում, այո\', կարող էր: Ունի՞ դատարանն իրավունք սեփական դատավճիռները, վճիռները, որոշումները սեփական հայեցողությամբ եւ պարտադիր օրենքով ի կատար ածելու, այո\', ունի: Ուրեմն ո՞րն է խնդիրը:
Այո\', Գասպարին հանցագործ չէ, այո\' նա նաեւ գիժ չէ, աննորմալ է՝ բառիս բառարանագիտական իմաստով, այսինքն` նորմալ չէ, ոչ թե այն, որ Գասպարին պառկում է փողոցում, ինչը նորմալ է, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու-որոշելու բողոքի ակցիայի դրսեւորման սեփական ձեւերը, բայց աննորմալ է, որ նա պառկում է իր հարցաքննության սենյակում՝ հարցաքննվելու ընթացքում: Յուրաքանչյուր քննիչ, կարծում եմ, նման կասկածյալի տեսնելով, նրան պարտադիր կուղարկի հոգեբուժական զննման, ինչն, ի դեպ, տեղի է ունեցել Գասպարիի պարագայում, եւ ինչը պետք է տեղի ունենա բոլորի պարագայում, քանի որ բոլոր կասկածյալներն էլ հարցաքննության ընթացքում ենթարկվում են հոգեբուժական զննման: Բայց՝ զննման: Եվ հենց այդ զննումից է կախված` կասկածյալը գործում կներգրավվի՞` որպես մեղադրյալ, թե՞ քրեական պատասխանատվությունից կազատվի` անմեղսունակության պատճառով: Գասպարին չի ազատվել, ուրեմն ո՞րն է խնդիրը:
Խնդիրը, իմ կարծիքով, բարոյականության մեջ է: Կրկնում եմ` գոնե իմ կարծիքով, իմ տեղեկություններով, իմ տպավորությամբ, Գասպարին հանցագործ չէ եւ գիժ չէ, բայց ես չեմ կիսում նրանց կարծիքը, ովքեր պնդում են, թե Գասպարին քաղհալածյալ է: Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր պնդում են, թե նա իմ եւ իմ երեխաների /այդ թվում` իրականում բոլորիս/ իրավունքներն է պաշտպանել՝ պառկելով: Իսկ երբ հանրահավաքներից մեկի ժամանակ Զարուհի Փոստանջյանն ընկավ Գասպարիի վրա, նա նույնպե՞ս, Գասպարիի վրա ընկնելով, իմ եւ իմ երեխաների իրավունքներն էր պաշտպանում: Կամ` ես խնդրե՞լ եմ, որպեսզի որեւէ մեկն իմ ու իմ երեխաների իրավունքները պաշտպանի` պառկելով: Ինքը` Գասպարին, 2012-ին` հանրահայտ Մարտի 1-ից հետո, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր մի շատ ուշագրավ բան. «Ես մարդկանց ոգեւորելու ոչ առաքելություն եմ ինձ վերապահել, ոչ էլ նման պատասխանատվություն եմ ստանձնել»: Այսինք`ն մարդն ինքն իր համար է պայքարել, իր իրավունքների պաշտպանության համար, որոնք, նրա կարծիքով, խախտված են կամ խախտված էին կամ շարունակում են խախտված մնալ: Միայն` իր: Սա չի նշանակում, որ չպետք է նրան պաշտպանել, բայց սա նշանակում է, որ Գասպարին հրեշտակ չէ, որովհետեւ մարդ է, իսկ մարդիկ, իմ կարծիքով, ավելի շատ ազատության մեջ են պետք, քան խցում, մանավանդ, որ խցում նրանց ծեծում են, իսկ խցում ծեծում են, չկասկածեք: Եվ այս պատմության մեջ հանցագործությունը դա է:
Հովիկ Աֆյան