Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ ամբողջովին հերքելով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած բռնությունները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Վարդգես Գասպարին իր խցակից կալանավորված անձանց կողմից որեւէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել:Այս մասին ասվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաղորդագրությունում. այն ներկայացնում ենք ստորեւ.
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռեւս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում եւս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին:
Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին եւ տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբեւէ չի եղել:
22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց եւ ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել եւ պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին եւ ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները եւ հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ եւ ջրադուլ:
Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ եւս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ եւ պառկել մահճակալին:
Նույն օրը՝ ժամը 00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, եւ երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետեւ հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, եւ պառկել է միջանցքի գետնին:
Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ. Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որեւէ հետք չի հայտնաբերվել: Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի թիվ 20 եւ 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որեւէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել:
24.02.2016թ. Վ. Գասպարին իր իսկ խնդրանքով տեղափոխվել է թիվ 006 խուց եւ հիմնարկի պետին դիմում է ներկայացրել հացադուլը եւ ջրադուլը դադարեցնելու մասին:
Նկատի ունենալով, որ ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվում է հետաքննություն, հուսով ենք, որ հասարակության շահագրգիռ անդամներն այսուհետ զերծ կմնան հիմնազուրկ հայտարարություններ տարածելուց: Հետաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ահազանգել է, որ իրեն խցակիցները բռնությունների են ենթարկում: Երեկ լրագրողների հետ զրույցոմ նա ասաց, որ խցում իր նկատմամբ բռնություն է կիրառել երեք անձ, ովքեր հեռախոսով հրահանգ են ստացել եւ սկսել բռնություն գործադրել իր նկատմամբ. «Դա միանգամայն ծրագրավորված էր: Այն ահռելի ճնշումները, հատկապես՝ հոգեբանական, որ նրանք իրականացրին, դժվար է, միանգամից հնարավոր չէ դա մոռանալ: Ես դեռ ապրում եմ այդ բռնությունները,- պատմել է Գասպարին: