կարևոր
2455 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 11:26
Քաղաքական

Ծեծված բառակույտ, նախադասությունակույտ՝ առանց ասելիքի. «Փաստ»

Ծեծված բառակույտ, նախադասությունակույտ՝ առանց ասելիքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը «հանկարծ» որոշել էր ասուլիս տալ։ Ինչպիսի երջանկություն հայ ժողովրդի համար. «մեսիան» երևալու էր հանրությանը: Բայց ինչի՞ համար էր ասուլիսը, ի՞նչ ասելիք ուներ նա: Ինչպես ցույց տվեց ասուլիսը, ոչ մի ասելիք էր չուներ: Ու ընդհանրապես, ի՞նչ կարող է նա ասել մեր հանրությանը: Ինչպես շատերն էին նշում, ներկա փուլում նրա միակ ասելիքը պիտի լիներ հրաժարականի մասին հայտարարությունը: Միամիտ սպասում է, համաձայն ենք... Բայց այն վիճակը, որին նա հասցրել է Հայաստանն ու Արցախը, ենթադրում է հենց նման՝ թեկուզ միամիտ կարծիքներ ու տրամաբանություն: Հետաքրքիր է, որ նույն «հանկարծակիությամբ» պարզվեց, որ հենց նույն օրը իր մի շարք գրպանային լրատվամիջոցների համար ասուլիս է տալու նաև Ադրբեջանի բռնապետ Ալիևը։

Ինչպիսի զուգադիպություն... Այս կոնտեքստում պատահական չեն փորձագետների որոշ կասկածները: Ուշագրավ է, որ դեկտեմբերին Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է տեղի ունեցել, ինչի բովանդակության մասին այդպես էլ հանրությունը տեղյակ չէ։ Դե, ինչպես Փաշինյանն էր ժամանակին նշում, ինչ որ պետք է, այն էլ բանակցում են։ Ու եթե քննարկում ենք Ալիևի հարցազրույցի հիմնական դրույթները, ապա որոշակիորեն պարզ է դառնում նաև Փաշինյանի ասուլիսի ենթատեքստը։ Ադրբեջանի ղեկավարը կրկին հոխորտաց Հայաստանի ու Արցախի հասցեին։ Ընդ որում, նա այնքան է լկտիացել ու արբեցել ժամանակավոր հաղթանակից, որ այնպես է արտահայտվում, կարծես թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծումն ընդամենը ժամանակի հարց են։ Այսինքն, Ալիևն այդպիսով, առանց ավելորդ ենթատեքստերի, ուղղակի սպառնում է Հայաստանի գոյությանը։

Իսկ մինչ այդ Փաշինյանն իր ասուլիսում կրկին փորձում էր հիմնավորել, թե միջազգային հանրությունն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե ինքն է Պրահայում ստորագրել այն հայտարարության տակ, որում, հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրին, խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Ընդհանրապես, Փաշինյանի ասուլիսում հնչեցին նրա կողմից բազմիցս հնչեցված, ծամծմված հեքիաթները, որոնցով նա ցանկանում է մանիպուլացնել ու փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ, բայց ոչ մի արժանի պատասխան չեղավ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին։ Փոխարենը տպավորություն էր, թե Հայաստանի վարչապետի ասուլիսը ավելի շատ նվիրված էր մեղավորների փնտրտուքին։

Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Ընդ որում, ասուլիսում առանձնահատուկ տեղ էր հատկացվում Ռուսաստանին մեղադրելուն ու հանրության աչքում վարկաբեկելուն։ Այնինչ, համապատասխան անդրադարձ չեղավ իրավիճակը Հարավային Կովկասում ապակայունացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերին և Թուրքիայի կայսերական նկրտումներին, ինչպես նաև Իրանի հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությանը։ Մյուս կողմից էլ, կարծես, Արցախի նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունները կանխելու քայլերն առաջնային չեն Հայաստանի համար։ Ուստի պատահական չեն այն կարծիքները, որ Փաշինյանի ասուլիսը կարող էր հրավիրված լինել հենց Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով, որպեսզի նա շարունակի բթացնել հանրության զգոնությունը և խաղաղության ձգտելու անվան տակ ամեն կերպ զիջումներ նախապատրաստի, իսկ հետո դրանք ներկայացնի որպես փրկության միակ ելք։

Իսկ թե որքանով են Փաշինյանի և Ալիևի համաժամանակյա «սպոնտան» հանրային ելույթները կոնկրետ առաջիկա գործընթացները նախապատրաստելու ծրագրի մեջ տեղավորվում, սպասվող իրադարձությունները լույս կսփռեն դրանց վրա։ Մեկ այլ կարևոր արձանագրում ևս։ Այս անգամ հայտարարվեց, թե Փաշինյանի ասուլիսը առցանց չի լինելու, այլ լրատվամիջոցները հնարավորություն են ունենալու տեղում հարցեր ուղղել նրան։ Ու այս հանգամանքը այնպես էին թմբկահարում իշխանական հարթակները, կարծես դեմ առ դեմ ասուլիսը արտառոց բան է: Չնայած, Փաշինյանի դեպքում գուցե և արտառոց է, որովհետև վերջին երկու տարում նա միշտ թաքնվել է տեսախցիկների ու պատրաստված հարցերի հետևում: Թեպետ, այս ասուլիսն էլ մեծ հաշվով շատ չտարբերվեց նրա առցանց ասուլիսներից, քանի որ այս դեպքում էլ լրատվամիջոցների մեջ էին խտրականություն դրել։ Բայց այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Փաշինյանը հավատարիմ է մնում իր իսկ գործելակերպին։ Նա շարունակում է ժողովրդավարության անվան տակ ոչ միայն երկրի «հերն անիծել», այլև հենց ժողովրդավարության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում