կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-08 17:30
Իրավական

Օպերլիազորների կողմից ծեծված տղայի գործով դատաքննությունն ընթացքի մեջ է

Օպերլիազորների կողմից ծեծված տղայի գործով դատաքննությունն ընթացքի մեջ է

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ռոբերտ Հովսեփյանին, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու՝ աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

 

Օպերլիազորները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝  նրանք գտնվում են կալանքի տակ:

 

Ծեծի ենթարկված տղան` Ռոբերտը,  նախաքննության համաձայն, կատարել է 7 դրվագով հանցագործություն, սակայն հետագայում մեղադրանքից հանցագործության դրվագներից մնացել է մեկը:

 

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրված 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոց,ների գործադրմամբ, Երևան քաղաքի բնակիչ  Նաիրա Գևորգյանի  բնակարանից  230.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության արծաթյա զարդեր, բիժուտերիա և «Ասուս» տեսակի նեթբուք համակարգիչ հափշտակելու համար:

 

Սակայն տղան չի ընդունում մեղադրանքը և պնդում է, որ հիշյալ գողությունն ինքը չի կատարել: Ռոբերտի անմեղության հարցում վստահ է նաև տղայի մայրը` Նարինեն: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել որդին` հույս հայտնելով վերականգնել արդարությունը: Ըստ նրա` որդու անմեղությանը վստահ են նաև քննիչները, սակայն հանցանքի մի դրվագն էլ թողել են, որ խայտառակ չլինեն:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում` Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ բնակարանային գողության առաջին դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: Թեև տուժող կողմին և վկաներին պատշաճ ծանուցվել էր դատաքննության մասին, սակայն վերջիններս չէին  ներկայացել դատարան: