կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 16:24
Քաղաքական

Պատրաստ եմ խնդիրներ վեր հանել. Արման Թաթոյան

Պատրաստ եմ խնդիրներ վեր հանել. Արման Թաթոյան

Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հետևողական է լինելու բոլոր` դեռևս չլուծված խնդիրների կարգավորման հարցում:

Անդրադառնալով Վարդգես Գասպարիի ձերբակալությանը և այն հանգամանքին, որ որոշ իրավապաշտպաններ ապօրինի են համարում այս ձերբակալությունը, Թաթոյանը նշեց. «Դուք էլ եք տեսնում, որ գրեթե ամեն օր այստեղ էի լինում ու այդ գործին մանրամասն ծանոթանալու հնարավորություն  ֆիզիկապես չեմ ունեցել, բայց ես արդեն հայտարարել եմ, որ այդ հարցն այն աստիճան կարևոր է, որ մարդու իրավուքների պաշտպանը պետք է զբաղվի դրանով: Դա պատգամավորների կողմից բարձրացված հարց է, որ պետք է զբաղվել այդ հարցով»: Նորընտիր ՄԻՊ-ը վստահեցրեց նաև, որ ինքը կայցելի Վարդգես Գասպարիին:

Հարցին` արդարացի կհամարե՞ք, եթե հանրաքվեի մասին տարեկան զեկույցները չհրապարակվեն, Թաթոյանը պատասխանեց. «Դուք ինձ միանգամից ստիպում եք կանխակալ գնահատականներ անել, ինչը չեմ անելու: Անհապաղ սկսելու եմ իրականացնել բոլոր լիազորությունները: Կոնկրետ հարցերի վերաբերյալ սխալ կլինի հիմա ժամկետներ նշել»:

Հարցին` Ձեր պաշտոնավարման ընթացքում հաշվի կառնե՞ք նախորդած երեքի պաշտոնանկության որոշումները, Թաթոյանը պատասխանեց. «Ես աշխատել եմ թե՛ տիկին Ալավերդյանի, թե՛ պարոն Հարությունյանի հետ, բայց անցած այդ հարցերին նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ: Ես հիմա ընտրվել եմ ՄԻ պաշտպանի պաշտոնում և եթե անդրադառնամ բոլոր նման հարցերին և այլն, ապա կարծում եմ` արդյունավետության վրա կազդի»:

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ էիշխանություններին տհաճություններ պատճառել, ՄԻՊ-ը նշեց. «Ես նման որակումներով չեմ ուզում առաջնորդվել: Այն, որ, իհարկե, պատրաստ եմ խնդիրները վեր հանել և դրանք դարձնել քննարկման առարկա, միանշանակ է, այստեղ կասկած չի կարող լինել»: