Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են նախարարներ նշանակվում ՀՅԴ «հնաբնակներ» Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը: Ի պատասխան, նա հայտարարեց, որ և\' նոր կադրեր են լինելու, և\' հներն են իրենց փորձառությամբ գործ կատարելու:
«Ամբողջը մի թիմ է, թիմը չի կարելի բաժանել ծերերի և ջահելների: Ամեն մեկն իր տեղն ունի: Երկիրն այն վիճակում է, որ օր առաջ քայլեր պետք է կատարվեն: Մենք որևէ պատասխանատվությունից չենք խուսափում, մտնում ենք ամբողջական պատասխանատվությամբ»,- հայտարարեց Ռուստամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց տարածքային կառավարմա, էկոնոմիկայի եւ ԿԳ նախարարությունների վրա կանգ առան, ՀՅԴ-ական պատգամավորը բացատրեց, որ տրամաբանությունն առավել քան պարզ է` ՀՅԴ-ն ունի շատ հստակ պատկերացումներ` ինչ պետք է անել այդ նախարարություններում:
Խոսելով համագործակցության մասին` Ռուստամյանն ընդգծեց, որ չի կարելի դա դիտարկել որպես դասական իմաստով կոալիցիոն կառավարություն, խոսքը համագործակցության մասին է, որովհետև նախագահի առկայության պարագայում, երբ իշխանության կրողը նախագահն է, երեք կան տասներեք նախարար ունենալը դեր չի խաղում:
«ՀՅԴ-ն արմատական փոփոխությունների համար է գնում համագործակության, հո՞ չենք գնում` երկու-երեք պորտֆել ստանալու: Գիտենք ինչ անել, ինչպես անել, կուտակած փորձ ունենք, չենք ասում պարզապես օդ տատանելու համար: Դաշնակցությունն այն փորձառու կառույցն է, որ մինչև չհաշվարկի` ինչ է անում, երբեք քայլ չի անի: Այս քննադատությունները ընտրություններից առաջ մեզ ձեռնտու չեն, բայց մենք դրան գնում ենք, որովհետև հասկանում ենք, որ կարևորը երկիրն այս վիճակից դուրս բերելն է: Հիմա ինչ ուզում են, թող խոսեն, անցողիկ են դրանք, օդի տատանումներ են: Եթե մենք արդյունք չստանանք, կլինենք պատասխանատու, մեր ասածների համար կկրենք համապատասխան պատասխանատվություն: Ճիշտ կառավարում իրականացնելու պարագայում հայությունը ունի ռեսուրս` այս վիճակից դուրս գալու համար»,- ասաց Ռուստամյանը եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենց հանձնվելիք ոլորտների քանակը բացարձակապես կապ չունի, որովհետև մենք հիմա գտնվում ենք կիսանախագահական համակարգում:
Ռուստամյանն ընդգծեց՝ գիտակցում են, որ շատ ծանր բեռի տակ են մտնում, բայցեւ հասկանում են, որ ուրիշ ճանապարհ չկա: «Մենք իրատես ենք, գիտենք, որ պրոբլեմները շատ են: Մեր ողջ ռեսուրսը, մարդուժը կկիրառենք, որպեսզի կարողանանք հարցերին արագ լուծում տալ: Բայց թե դա ե՞րբ կլինի, կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել»,-ասաց նա:
Ռուստամյանը վստահեցրեց, որ ոչ մի համագործակցություն որևէ մեկի հետ չեն բացառում, այդ թվում` այն բոլոր ընդդիմախոսների, որ այսօր, փրփուրը` բերաններին, քննադատում են: «Եթե տեսնենք որևէ դաշտ, որտեղ կա համընկնում մեր տեսակետների հետ, կհամագործակցենք: Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ «պրոբլեմատիկ» որակումը ստացած Շիրակի մարզի ղեկավարումն են ստանձնում, ասաց, որ դժվար ոլորտ են ընտրել, և դա եղել է մտածված: «Այնտեղի խնդիրների լուծման համար պետք են հստակ ծրագրեր»,- ասաց Ռուստամյանը: