Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը միտված է ապագային, սա մեկ տարվա համագործակցություն չէ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով այս օրերին այդ համագործակցության եւ մասնավորապես պաշտոնների բաշխման վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Վարդանյանը նկատեց, որ այս օրերի ընթացքում այնքան բան գրվեց, որ դրանց անդրադառնալը լուրջ չէ:
«Կա համագործակցության առաջարկություն, կան աշխատանքային քննարկումներ, քննարկվող խնդիրներն այնքան բազմազան եւ առանցքային են, որ կենտրոնանալ միայն պաշտոնների վրա, լուրջ չէ: Մենք հսկայական աշխատանք ենք կատարում, եւ սա ինտրիգային չէ, մեր երկրում որակական փոփոխությունների հասնելու մեր պատկերացումներն ենք ներկայացնում եւ փորձում ենք գալ համաձայնության: Երբ երկու ուժեր բանակցում են, քննարկում են, բնականաբար, տեսակետների բախում, բանավեճ է լինում, փորձում ենք լուծումներ գտնել: Մեր հիմնական խնդիրն է` գտնել այն ուղղությունները, որ կարողանանք համատեղ ուժերով դրական ակնկալիք, հույս առաջացնել մեր քաղաքացիների մոտ: Երկրորդ խնդիրը՝ համագործակցության ձեւաչափն է. երկու ուժեր պետք է համատեղ աշխատեն՝ ի՞նչ ֆորմատով են աշխատելու, ինչպե՞ս են քննարկելու հարցերը, ինչպե՞ս են որոշումներ կայացնելու, խորհրդատվական մարմին անհրաժեշտ է՞, թե՞ չէ, սրանք եւս կարեւոր հարցեր են, որ վաղը, մյուս օրը խնդիրներ չառաջանան: Եւ միայն երրորդ խնդիրն է՝ համապատասխան ոլորտների ընտրության հարցը»,-հայտարարեց Վարդանյանը եւ մանրամասնեց, որ Կրթության եւ գիտության, Տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարի պորտֆելները ՀՅԴ-ին փոխանցելու հարցը քննարկումների մաս է կազմում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ մի քանի օրից ամեն բան առավել հստակ կլինի:
Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը կոալիցիայի՞ մասին է, Վարդանյանը բացատրեց, որ դասական իմաստով այդ համագործացությունը դժվար թե կոալիցիա ձեւակերպումը ստանա, ի վերջո, պետք չէ ընկնել ձեւակերպումների հետեւից:
«Սա համագործակցություն է: Բառերի հետեւից ընկնելը մեծ բան չի ավելացնելու»-նկատեց նա:
Վարդանյանը նաեւ մանրամասնեց, որ ամեն շաբաթ կանոնավոր ՀՅԴ ԳՄ նիստեր են լինում, ինչպես որ միշտ է եղել, ՀՅԴ Բյորոյի հետ համատեղ քննարկումներ են ընթանում, իսկ այս փուլում համագործակցության շուրջ բանակցությունները հիմնականում կայանում են ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ:
Լրագրողի հարցին, թե 2017-ից հետո համագործակցությունը կշարունակվի՞, Վարդանյանը նշեց, որ բնական է՝ այսօր պատասխանել այդ հարցերին շատ «թե»-ական կլինի, հիմա կարեւորը իսկապես լրջորեն ընտրություններին պատրաստվելն է, վստահություն ներշնչող Ընտրական օրենսգիրք ունենալն է, որը թույլ չի տա արհեստական կամ այլ ձեւերով որեւէ քաղաքական ուժի առավելություն ունենալ:
«Ես հույս ունեմ, որ մենք առաջին անգամ լավագույն ընտրություններ կունենանք, քննարկումներն այդ հունով են ընթանում, բնականաբար, մեր համագործակցությունը միտված է ապագային, մեկ տարվա համագործակցություն չէ»,-ասաց Վարդանյանը:
Հարցին, թե ՀՅԴ-ն ի՞նչ է փոխելու կառավարությունում, Վարդանյանը հայտարարեց, որ այսօր խնդիրներն այնքան շատ են եւ համախմբված դրանց դիմագրավելու կարողությունն այնքան ցաքուցրիվ, որ ՀՅԴ-ի ներկայությամբ նոր որակ կհաղորդվի կառավարման արդյունավետությանը. նոր սահմանադրությամբ ՀՅԴ-ն դրել է միանձնյա կառավարման վերջի սկիզբը:
«Սահմանադրական փոփոխությունները արել ենք նրա համար, որ երկրում իրավիճակ փոխվի, իսկ որպեսզի երկրում իրավիճակ փոխվի՝ ՀՅԴ-ի մասնակցությունը, պատասխանատվությունը, աշխատանքը անհրաժեշտ է: Կա աշխատելու դաշտ, նման բարդ պայմաններում գնալ նման պատասխանատվության, իհարկե, բարդ է, բայց սա Դաշնակցությունն է: Մեզ համար էականը երկրում դրական փոփոխությունների հասնելն է, եւ ես հուսով եմ, որ մենք կհասնենք դրան»,- եզրափակեց Վարդանյանը:
Նա կարեւորեց նաեւ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները եւ հավելեց, որ բոլորիս խնդիրը պետք է լինի նոր ԸՕ-ով վստահություն մեծացնելը, համատեղ աշխատանքը: