կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 15:27
Հասարակություն

13 միլիոն դոլար՝ խորհրդատվության համար

13 միլիոն դոլար՝ խորհրդատվության համար

Այսօր ԱԺ քառօրյայում քննարկվում էր ճանապարհային վարկի մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի թոթափել Երևանի ճանապարհային ծանրաբեռնվածությունը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ խտրական վերաբերմունք կա մայրաքաղաքի ու մարզային քաղաքների միջև, նա խորհուրդ տվեց մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը թոթափելու համար մնացած մարզերն ու քաղաքները զարգացնել, այդ դեպքում «մարդիկ չեն գա, լցվի մայրաքաղաք»:

«Ունենք ներքին արտագաղթ, որովհետև բոլոր միջոցները կենտրոնացնում ենք մայրաքաղաքում, ինչը հետսովետական մոտեցում է: Բայց մենք պետք է զարգացման արևմտյան մոդելը ընտրեինք, երբ բոլոր քաղաքները, մայրաքաղաքին զուգահեռ, զարգանում են»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝  օրինակ` եթե Գյումրիում մարդիկ դեռ տնակներում են ապրում, ուրեմն պետք էր վարկերը նախևառաջ այդ խնդիրները լուծելուն ուղղել:

Պատգամավորը հարցրեց, թե ինչո՞ւ է խորհրդատվությունների համար հսկայական գումար` մոտ 13 միլիոն դոլար ծախսվել: Նաց վարկային համաձայնագրի կիրառման մեջ տեսնում է հստակ կոռուպցիոն մեխանիզմներ, մինչդեռ վերահսկողական մեխանիզմներ ընդհանրապես չկան: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու այդ համաձայնագրին:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: «Ես Ալավերդուց եմ, բայց բոլորիս աչքի լույսը մեր Երևանն ա, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Մի\' հակադրեք մայրաքաղաքի ծրագրերը մարզերի ծրագրերին: Վտանգը գավառական մտածելակերպն է, որ մայրաքաղաքի շահը հակադրում եք մարզերի շահին»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը մեղադրեց որոշ պատգամավորների, որ նրանք իրենց ելույթներն արդեն ծառայեցնում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ըստ Շարմազանովի` դեռ Չերչիլն է ասել, որ վարկ տալիս են այն պետությանը, որը կարող է այն մարել: