կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 22:31
Հասարակություն

Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը կհավաքագրի Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խնդիրները

Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը կհավաքագրի Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խնդիրները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը, որն այսօր նախաձեռնել էր առաջին հանդիպումը իրանահայերի հետ՝ լսելու նրանց խնդիրները, մտահոգությունները։

Հանձնախմբի անդամ Սիմոն Գաֆալյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնախմբի կարևոր առաքելությունը Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ կապ հաստատելն ու նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելն է: Դա կարող է լինել թե՛ սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ի, թե՛ ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում գործող գրասենյակի միջոցով։

«Հիմնական նպատակն այն է, որ հնարավորինս շատ թվով սփյուռքահայեր հաստատվեն Հայաստանում, որովհետև հենց այդպես կզարգանա ու կհզորանա մեր երկիրը»,- ասաց Գաֆալյանն ու հավելեց՝ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացնում էին հանձնախմբի հիմնական անելիքներն ու գործառույթները:

 Նա տեղեկացրեց, որ ոչ միայն իրենք են ինչ-ինչ հարցեր բարձրացնելու կամ տեղեկություն տրամադրելու, այլ ակնկալելու են, որ հայրենիքում հաստատված սփյուռքահայերն իրենք նախաձեռնող լինեն, բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնք առկա են։ Այդ կերպ առավել հեշտ կլինի լուծումներ գտնել։

Ըստ մեր զրուցակցի` հանձնախումբը ոչ միայն Դաշնակցությանը հարող սփյուռքահայերին պետք է օժանդակի, այլև Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին։

Հանձնախմբի անդամներից Վիգեն Հաբոյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ մարդկանց օժանդակալու, հասկանալու համար նախ պետք է պարզել՝  նրանք ինչ խնդիրներ  ու պահանջներ ունեն։

«Առաջնային են լեզվի՝ արևմտահայերենի ու արևելահայերենի խնդիրը, քաղաքացիություն ստանալու  հարցերը։ Փորձում ենք նաև աշխատանքի հարցերով զբաղվել։ Կարող ենք ասել՝ հավաքագրում եք Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խնդիրները՝ վարորդական իրավունքից մինչև բնակարան ձեռք բերելու հարցերը, ու փորձում լուծումներ գտնել դրանց համար»,- ասաց նա։

Հաբոյանը վստահ է՝ երբ գրասենյակի աշխատանքների մասին տեղեկատվությունը Սփյուռքում տարածում գտնի, շատերը կմտածեն հայրենիքում հաստատվելու մասին։

«Հանձախումբը կամրջի դեր է կատարում, որպեսզի հետագայում հայրենադարձության ալիք բարձրանա։ Օրինակ` երբ սիրիահայերը եկան, մենք անպատրաստ էինք, ու եթե այս հանձնախումբն այն ժամանակ կյանքի կոչված լիներ, վստահաբար, ավելի ճիշտ կարող էինք ուղղորդել նրանց։ Հանձնախմբի կայքէջն ու ֆեյսբուքյան էջը հնարավորություն են ընձեռելու նաև դեռևս Հայաստանում չհաստատված, բայց ցանկություն ունեցող սփյուռքահային ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները։ Նրանց առցանց խորհրդատվություն կտրամադրվի»,- նշեց Վիգեն Հաբոյանը։

Իրանահայերի հետ հանձնախմբի նախաձեռնած հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում բնակության հաստատած իրանահայերի աջակցության հանձնախմբի անդամ Աիդա Հովհաննիսյանը։ Մասնագիտության բերումով (իրավաբան) նրան հաճախ են դիմում։ «Իրանահայերի համար առաջնային հարցերից է բանկային հաշվեհամարներ բացելը, բանկային փոխանցումներ անելը։ Ճիշտ է, այժմ դրամային հաշվեհամարներ բացելու հետ կապված խնդիրները, կարծես թե, լուծվել են, բայց այլ արտարժույթների մասով դեռևս խոչընդոտներ կան։ Խնդիրներ կան նաև երեխաների կրթության հարցում։ Եթե նոր ես հաստատվել Հայաստանում, երեխային անմիջապես դպրոց ուղարկելը խնդիր է։ Չգիտես` ինչու, ձգձգվում է, խնդիրներ են առաջանում, անգամ մանկապարտեզում չես կարող գրանցել երեխային։ Մարդիկ էլ ստիպված երեխային ուղարկում են մասնավոր մանկապարտեզ, ամսական վճարում կատարում, այն պարագայում, երբ դեռևս աշխատանք չունեն։ Կարևոր է նաև աշխատանքի խնդիրը, որն առնչվում է բոլորին։ Խնդիրներ կան հարկային ու մաքսային հարցերում, գրանցման առնչությամբ խնդիրներ են առաջ գալիս և այլն։ Եվ եթե այս խնդիրներից որոշների համար հնարավոր լինի ընդհանուր լուծում գտնել,  այն կարող է օգտակար լինել սփյուռքահայ ցանկացած համայնքի համար»,- բացատրեց Հովհաննիսյանը։

Yerkir.am-ի հարցին` այս հարցերն ու խնդիրները կարո՞ղ են  Սփյուռքի` այլևս գոյություն չունեցող նախարարության թերի աշխատանքի հետևանքը լինել, Աիդա Հովհաննիսյանն արձագանքեց․ «Նախարարության հայեցակարգի ու աշխատանքային ծրագրի մեջ այս բոլոր խնդիրները, որ ներկայացնում ենք, ամենայն մանրամասնությամբ ներառված չէին։ Ես չեմ ասում` թերացում, որովհետև չի եղել հայեցակարգ, որ թերացում էլ լինի»։

Հավելենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի կոչված սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակն առաջիկայում  նման ձևաչափով հանդիպումներ կնախաձեռնի լիբանանահայերի, սիրիահայերի և այլ համայնքների ներկայացուցիչների  հետ։