կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-22 21:08
Քաղաքական

Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի կոչը Միջին Արևելքի զարգացումների առիթով

Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի կոչը Միջին Արևելքի զարգացումների առիթով

Նոյեմբերի 19-ին գումարած նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը անդրադարձ կատարեց Միջին Արևելքում և հատկապես Լիբանանում քաղաքական զարգացումներին ու դրանց հետևանքներին տեղի հայ համայնքի վրա։ Ընդգծելով համոզումը, որ տեղական մեր համայնքները հավատարիմ են իրենց երկրորդ հայրենիքը համարվող երկրներին՝  Գրասենյակը արձանագրեց, որ չի կարելի նաև անտեսել հավանականությունը, որ որոշ թիվով հայրենակիցներ ցանկություն հայտնեն տեղափոխվել Հայաստան։

Գրասենյակը բավական մեծ թվով զանգեր է ստանում Միջին Արևելքի հայկական համայնքներում ապրող հայրենակիցներից, որոնց՝ Հայաստան տեղափոխվելու հետ կապված հիմնական մտահոգությունները հետեվյալներն են.

Ա. Երեխաների կրթության խնդիր.- ինչպե՞ս են իրենց երեխաները տեղավորվելու դպրոցներում՝ քանի դեռ դպրոցական տարեշրջանը արդեն ընթացքի մեջ է, ի՞նչ կարելիություններ կան ֆրանսերեն կամ անգլերեն թեքումով դպրոցներում տեղավորելու իրենց երեխաներին՝ նկատի ունենալով, որ տվյալ պետության դպրոցներում կրթության հիմնական նյութերը մատուցվում են ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով։ Բնականաբար, այստեղ ծագում է ոչ-պետական դպրոցներին վճարումների խնդիրը՝ նկատի ունենալով, որ դրանք չափազանց բարձր են։

Բ. Բնակության խնդիր.- ընտանիքների համար մատչելի վարձով և ընդունելի պայմաններով բնակարան ապահովելու խնդիրը այնպիսի տարածքներում, որտեղից երեխաների դեպի դպրոց երթևեկությունը լինի մատչելի իսկ առօրյա կենցաղային հարցերի լուծումը` հասանելի։

Գ. Աշխատանքի խնդիր.- հասկանալով հանդերձ, որ Հայաստանում աշխատատեղերի խնդիրը լուրջ է, սակայն, հատկապես ներկա պայմաններում, մեր հայրենակիցները իրենց առօրյան հոգալու խնդիր են ունենալու։ Աշխատանքի տեղավորման հարցը կամ սեփական գործ սկսելու հետ կապված ընթացակարգերը պարզեցնելու և ձևական ու անտեղի քաշքշուքների մտահոգությունը առկա է բոլորի մոտ։

Դ. Հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով մեր հայրենակիցները բախվում են սեփական իրերի կամ թանկարժեք ունեցվածի փոխադրության խնդրին։ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը իր կարելիությունների սահմաններում փորձում է օժանդակել իրեն դիմողներին, սակայն դրված հարցերին կանոնակարգված լուծում տալը կարիքը ունի պետական միջամտության՝ կանխելու համար այն վիճակները, որոնց բախվեցինք Իրաքից եւ Սիրիայից պատկառելի թվերով Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների պարագայում։

Ելնելով վերհիշյալից՝ պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում նշված հարցերի վրա և կոչ անում հավանական հարցերին լուծումներ տալու համար ձեռնարկել համապատասխան քայլեր: