Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը:
Այդ վարկով նախատեսվում է առավել աղքատ գյուղական համայնքներում կառուցել ենթակառուցվածքներ՝ խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման նպատակով: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները նշում էին, որ այդ վարկը լուծելու է թե' սոցիալական, թե' տնտեսական խնդիր:
Վարկը նախատեսում է նաև գյուղացիական համայնքներին տրամադրել մատչելի վարկեր՝ դրամով, 10-12 տոկոսի սահմաններում, վեց ու կես միլիոն դոլար դրամաշնորհ կուղղվի հողերի դեգրադացման ու աղակալման դեմ, 350 հազար դոլար կուղղվի խորհրդատվությանն ու տեխնիկական աջակցությանը, այլ դրամաշնորհները կուղղվեն ծրագրի կառավարմանը:
Վարկային ծրագիրն իրականացվելու է ըստ մարզերի, սակայն մարզերի ցանկից դուրս է մնում երեք մարզ՝ Արարատի, Արմավիրի ու Կոտայքի, որոնք ծրագրի կողմից գնահատվել են առավել զարգացած մարզեր, հետեւաբար, այդտեղ վարկային ծրագիրը չի իրականացվի:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին, թե առավել պարզ հնարավո՞ր է բացատրել գյուղացուն, թե ինչ է իրականացվելու այդ վարկով:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները բացատրեցին, որ, խմելու և ոռոգման ջրի հետ կապված, 500 համայնքներում, ըստ առաջնահերթությունների, իրականացվելու են ենթակառուցվածքների կառուցում:
Սամվել Ֆարմանյանն արձագանքեց` ասելով, որ նախարարության ներայացուցիչների փաստարկները համոզիչ չեն, իսկ մոտեցումները անլուրջ են: «Վարկային հանձնառությունների պատմության մեջ կա մտահոգություն. վարկառու բոլոր կազմակերպությունները միշտ նախատեսում են գումար ուսումնական ծրագրերի համար, բայց պարտադիր չէ, որ դրանք անպայման վերցվեն խորհրդատվությունների ու ուսումնական դասընթացների համար»,- ասաց պատգամավորը:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները փորձեցին հիմնավորել, որ այն գումարները որոնք տրամադրվում են այդ խորհրդատվություններին ու ուսումնական դասընթացներին, բարձրացնում են ֆերմերների իրազեկումը, գործարար հատվածներին տրամադրվում է խորհրդատվություն, թե ինչպես պետք է բյուջե կազմվի, ինչպես պետք է պլանավորվի և այլն:
«Որպես օրինակ` կարող եմ նշել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, երբ ուսումնական դասընթացներ կազմակերպվեցին գյուղացիների համար, և ամեն մեկը, վստահ եմ, որ մի լավ բան իմացավ, այսինքն` դա իր դրական էֆեկտն ունի»,- ասաց նախարարության ներկայացուցիչը: