կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-02 19:18
Առանց Կատեգորիա

Էլ չշփոթվե\'ք Գյումրիում

Էլ  չշփոթվե\'ք Գյումրիում

 Տասն օր, իհարկե, կսպասենք: Հենց այդքան ժամանակ անց քննչական մարմինը կպարզի, թե արդյոք կա՞ն հանցագործության տարրեր՝ նախօրեին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործողութուններում, թե ոչ: Հիշեցնենք, որ ռուսական բազայի 26-ամյա զինծառայող Սերգեյ Սուդնիկովը նախօրեին փորձ է կատարել մտնել Գյումրիի Անի թաղամասի բնակարaններից մեկը: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել, եւ նա ոստիկանությանը պարզաբանում է տվել, որ ուղղակի շփոթել է տունը:

Հիշյալ հասցեում բնակվողները հայտնում են, որ զինծառայողը հարբած է եղել եւ իրենցից պահանջել է բացել դուռը, սակայն իրենք զանգահարել են ոստիկանություն: Այս վերջին տարրն այս պատմության ամենաուշագրավ կետն է: Քանի որ սա բացահայտում է մի բան, որը չի կարող բացահայտել ոչ մի քննչական մարմին՝ տասը օր կամ տասը տարի անց, երբեք. Գյումրիում բնակիչները վախենում են, վախենում են մեր երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը մեր զինված ուժերի հետ միասին ապահովող ռուս զինվորներից, գուցե անգամ՝ 102-րդ ռազմաբազայից, շենքից, շենքի գույնից, տեսքից, «հոտից»:

 Հնարավոր է, որ Սերգեյ Սուդնիկովն իրոք շփոթել է տունը, իրոք անզեն է եղել, բոլորովին էլ հարբած չի եղել, օրինական կերպով է բազայի տարածքից դուրս եկած եղել, մի խոսքով՝ մի հրաշալի տղա է, մի քաջ զինվոր, մի մարդասեր, ավելի կոնկրետ՝ հայասեր անձնավորություն: Հնարավոր է, բայց փաստ է, որ գյումրեցիներն իրենց քաղաքում վախենում են ռուսից, անկախ վերջինիս անունն ինչ է: Սա վտանգավոր է դառնում, բազան չէ, այնտեղ ծառայող զինվորները չէ, նրանց օղի մատակարարող բարի մարդը չէ, այլ այս վախը, սեփական քաղաքում սեփական տան դուռը բացելու վախը…

Ու ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անի 102-րդ բազան, որպեսզի Գյումրին իրենից չվախենա, ինչ եւ որքան, որքան եւ որքան երկար: Բայց պարզ է, որ բազան պետք է ինչ-որ բան անի. գուցե ամբողջ կազմով դուրս գան բազայի տարածքից, շարքով քայլեն Գյումրու փողոցներով, գնան Ավետիսյանների տան առջեւ եւ ծաղիկեր դնեն, հերթով, բոլորը, ապա գնան քաղաքի կենտրոնական հրապարակ եւ ողջ քաղաքից ներողություն խնդրեն իրենցից մեկի անունից:

Գյումրին արժանապատիվ եւ հպարտ քաղաք է, Գյումրին այդ պարագայում կների, հանցագործին չէ, բազային: Իսկ քանի չի ներել, կվախենա, որովհետեւ քանի չես ներում` վախենում ես…

Ուրեմն էլ չշփոթվեք Գյումրիում, Ավետիսյանների տան հասցեն էլ գիտեք, Գյումրու կենտրոնական հրապարակի տեղն էլ՝ առավել եւս: Իսկ ծաղիկներ քաղաքում շատերն են վաճառում, ձեզ գուցե անվճար տան, եթե իմանան, թե ինչու եք ուզում:

Հովիկ Աֆյան