կարևոր
3571 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-19 13:42
Իրավական

Գյումրիում բուժհաստատության աշխատակիցների կողմից կաշառքով Covid19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտեֆիկատներ են տրվել

Գյումրիում բուժհաստատության աշխատակիցների կողմից կաշառքով Covid19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտեֆիկատներ են տրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։

Բուժքույրը կազմել է պաշտոնեական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, և այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ,  նյութապես շահագրգռելու եղանակով, նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը և պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաև տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ:

Արդյունքում, որոշ դեպքերում որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը, ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը՝ ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների  չպատվաստելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում և անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Արդյունքում, այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը և բուժքույր-վակցինատորին՝ առևտրային կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու, ընկերության ևս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առևտրային կաշառք ստանալուն և փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: