Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
2023 թվականի ապրիլի 24-ին Գյումրիում, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, կայացավ ավանդական դարձած Ջահերթը։ Չնայած, որ երթի կազմակերպիչը ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան միություններն էին, բացի միության անդամներից, երթին էին միացել նաեւ հասարակական ու քաղաքական այլ կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Համազգային պայքարի և միասնականության այս հավաքին եկա ասելու.
108 տարի առաջ, քո պապը, Վանա բերդի տակ, Դեր-Զորի ճանապարհին, կամ Կարսի մատույցներում յաթաղանվեց, խեղվեց ու խեղդվեց փրփրաբերան Եփրատի ջրերում։
Նահատակվեց, որովհետեւ ՀԱՅ էր: Նահատակվեց, որովհետեւ հավատաց թշնամու արյունոտ աչքերի տակ թաքնված «բարեհաճ ժպիտին»։ Չլսեց պայքարի ելած իր հոր, եղբոր, որդու ձայնին ու նահատակվեց վասն հավատոյ։ Իսկ նրանք, ովքեր քաշվել էին դեպ Անդոկ, Մարաթուկ, Սեպասար ու Ծովասար, ապրեցին նահատակվելով վասն Հայրենյաց։
Մենք, այսօր, իրավունք չունե՛նք, ո՛չ բարոյական, ո՛չ էլ հոգեկան մոռացության մատնելու նրանց հիշատակը, նրանց ՎՐԵԺԸ, նրանց ցավն ու մորմոքը:
Դրա համար մեզ շատ բան հարկավոր չէ՛…
Դրա համար մեզ պետք է, շարունակել պայքարի փողը փչելը ու դուրս գալ գազանի դեմ մշտապես աջում պահելով զենքն ու գրիչը։ Չտարվել օտարամոլության մոլուցքին, այս օրերին սա թող հնչե որպես հրամայական։ Չսիրել ոսկին ու արծաթը Հայրենիքից առավել։
Հայն աշխարհի որձն է, մերանը՝ աշխարհասփյուռ ազգերի։
Հայ ծնվելը հեշտ է, հայ մնալն է դժվար։
ՀԱՅ մնալու համար շատ քիչ բան է հարկավոր... Պարզապես ճանաչե՛նք մեր ՀԱՅՐԵՆԻՔՆ ու սիրենք այն որպես գերագույն նպատակ, որից էլ պիտի բխի՝ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ:
Փայփայե՛նք մեր պապերի՝ վերջին շնչում մարող աչքերի կարոտը... Էրգիր վերադառանալու լույսը:
Այսօրվանից խոստացի՛ր ինքդ քո մեջ եւ ապա ի լուր աշխարհի, որ հրաժարվում ես ուրիշինից, ու սիրելու ես սեփականդ, սեփական մշակույթդ, որ պապերիդ արյուն-քրտինքով բարձրացավ ու պահպանվեց եւ հասավ մեզ: Հասավ, որ մենք էլ փոխանցենք մեզանից հետոներին: Բայց մենք օտարամոլությունից կուրացել ենք ու ծիծաղում ենք ավանդույթների եւ առասպելների՝ Սանասարի ու Բաղդասարի, Չոլոյի ու Գալեի, Նազարբեկյանի ու Բեկ-Փիրումյանի, Խամփերյանցի ու Բաբաջանյանի վրա: Իսկ այսօր, ավելի վատ է. «ԹՈՂ ՉԳՆԱՅԻՆ-ը», «ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻՆԸ» իրենց համար սկզբունք դարձրած՝ անարգում են հերոսների գերեզմաններն ու հիշատակ, ոտնակոխ անելով Ազգային մշակույթը…
ՀԻՇԻ՛Ր, ՈՎ ՀԱՅ... քո պապը, եւ քո պապի պապը, այսօրվա Հայաստանի համար նահատակվեցին... Սուլուխի կամուրջը, կամ՝ Մուսալեռը իրենց համար մի նոր Գողգոթա դարձնելով:
Մի՛ նմանվիր Գետադարձին կամ ռես Ավեին...
Հիշի՛ր... ուղիղ 108 տարի առաջ քո պապը ՎՐԵԺՆ իր հոգում, իր վերջին շնչում Ա՜Խ, ՀԱՅՐԵՆԻՔ երգը շուրթին, փակեց աչքերը… Մարե՜ց, մոխրացավ…
Իսկ մենք, մեր զավակին օրորելուց պարտադիր պիրի երգենք. «ԶԱՐԹԻ՛Ր ՈՐԴՅԱԿ…»։
Լինելիության հրամայական կա օդում կախված, կանգնած ենք ճամփաբաժնին։ Կամ կշարունակենք արժանապատիվ ապրելը, կամ՝ կապրենք անհայրենիք։
Որոշողը հիմա դու՛ ես…
Դու՛րս արի, դարձի՛ր ջահակիր…
վառի՛ր, վերցու քո ջահը եւ խավարի միջով քայլիր դեպի լույսը…
Վստահի՛ր ինքդ քեզ, դու՝ կարող ես…
Ազդարարելով Ջահերով Երթի մեկնարկը, խավարի մեջ մի լույս բռնած քայլելու ենք հիշողության ոտնահետքերով։
Օն, ուրեմն ի գործ…