կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 17:20
Առանց Կատեգորիա

Ցուցադրական կողմը շատ է, շատ ենք խաղում

Ցուցադրական կողմը շատ է, շատ ենք խաղում

Yerkir.am-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

Կամաց-կամաց գալիս ենք այն մակարդակին, որ Եվրոպայում ունենանք մեր կայուն տեղը և անունը

2015-ը նվագախմբի համար լավ երաժշտությամբ և հետաքրքիր համերգներով լեցուն տարի էր. միայն արտերկրում 4 համերգ ունեցանք և գնացել ենք գրեթե ամբողջ կազմով` շուրջ 100 հոգով: Ինձ համար շատ կարևոր է, որ մեր նվագախումբն այդպիսի դահլիճներում այդպիսի ունկնդրի, երաժշտական քննադատների առջև քննություն է բռնում, թեև եթե անկեղծանանք, ապա հիմա մենք նույնիսկ այդ քննության կարիքը չունենք, քանի որ նվագախմբին լավ են ճանաչում և շատ բարձր են գնահատում: Հույս ունեմ` կամաց-կամաց գալիս ենք այն մակարդակին, որ Եվրոպայում ունենանք մեր կայուն տեղը և անունը: Շատերն ասում են` հայ ունկնդիրն ամենախստապահանջն է, դրա հետ համաձայն չեմ: Հայաստանում մենք ունենք հիանալի ու բանիմաց ունկնդիր, բայց քիչ թվով, իսկ Եվրոպայում դասական երաժշտություն սիրողների թիվն ավելի մեծ է: Մենք, առհասարակ, սիրում ենք որևէ բանով չհիմնավորված գլուխգովան հայտարարություններ անել: Ամեն ունկնդրի մեջ էլ կա գիտակը և ոչ գիտակը: Հայաստանում, իրոք, կան դասական երաժշտությունը հիանալի իմացող մարդիկ, որոնց գնահատականը կարևոր է, նրանց ներկայությունը` պարտավորեցնող, բայց նրանք քիչ թիվ են կազմում, իսկ արտասահմանում, օրինակ, Գերմանիայում կամ Լեհաստանում, շատ են:

 

Պետք չէ համերգները միջոցառումների վերածել

Կուզեի` հայաստանյան համերգների կարգը և տեսակը լիներ այնպես, ինչպես արտասահմանում է: Մենք այնքան ձգտեցինք ամեն ճանապարհով դահլիճները լցնել, որ դրանից շատ բան կորցրինք: Եվ սա միայն մեր համերգների մասին չեմ ասում, բայց մենք էլ ունենում ենք համերգներ, որտեղ դահլիճը լեփ-լեցուն է լինում, բայց շատ աղմկոտ է լինում և լցված մարդկանցով, որոնց որոշակիորեն չի հետաքրքրում այդ երաժշտությունը: Ինձ մոտ միշտ հարց է ծագում` լավ, բա ինչո՞ւ են եկել: Ես կողմնակից չեմ համերգները միջոցառումների վերածելուն.: Կամաց-կամաց ունենում ենք այն արդյունքը, որ դու շատ լավ համերգ ես կազմակերպում և համերգից օրեր առաջ տեսնում, որ ոչ մի տոմս վաճառված չէ, քանի որ մարդիկ սպասում են, որ դու իրենց հրավիրատոմս ուղարկես, համերգից բացի, այլ բանով հետաքրքրես, որ նա գա այդ համերգին:

 

Դրսում նվագախմբերը մեծ շահույթներ են ունենում համերգներից, իսկ մենք նույնիսկ մեր համերգների ծախսերը չենք կարողանում փակել

Եվրոպայում դասական համերգների տոմսերը մի քանի ամիս առաջ են վաճառվում, և նույն ծրագիրը մարդիկ մի քանի անգամ են նվագում, քանի որ ունկնդիրը շատ է, իսկ մենք մեկ անգամ դահլիճը լցնելու խնդիր ունենք: Այդ մշակույթը չկա, որ մարդիկ գնան, տոմս առնեն ու համերգի գան: Եվ դա ես չեմ կապում այն հանգամանքի հետ, որ նրանք ֆինանսապես ապահովված չեն, քանի որ տոմսերը հաճախ շատ սիմվոլիկ գին են ունենում, և մենք տոմսերը հատուկ չենք թանկացնում` հասկանալով, որ կլինեն մարդիկ, որոնց համար դժվար կլինի ավելի մեծ գումար վճարել, բայց, միևնույն է, նույնիսկ այդ դեպքում տոմսերը չեն սպառվում: Ավելին` տեսնում ես` Հայաստան է եկել անվանի մի մարդ, դահլիճը լեփ-լեցուն է, նույնիսկ աթոռներ են ավելացրել, բայց հետո իմանում ես` տոմսավաճառքը տանուլ է տրվել: Արտասահմանում նվագախմբերը մեծ շահույթներ են ունենում իրենց համերգներից, իսկ մեզ մոտ նույնիսկ մեր համերգների ծախսերը չենք կարողանում փակել: Սրանք հետևանք են շատ տարբեր սխալ քաղաքականությունների: Երևի ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ այս ամենում, երևի ես էլ եմ մեղավոր, որ այս օրի ենք հասել:

 

Որոշ ուժեր ամեն ինչ արեցին, որ Երաժշտական ակադեմիան չբացվի

Տարիներ առաջ ուզում էի Երաժշտական ակադեմիա բացել, բայց որոշ ուժեր ամեն ինչ արեցին, որ այդ ակադեմիան չբացվի: Տարեցտարի ես ավելի քիչ ժամանակ եմ ունենում, չնայած ակադեմիայի գոյության դեպքում էլ ուզում էի միայն գաղափարներով մասնակցել, բայց, այնուամենայնիվ, եթե մեզ պրոֆեսիոնալ կադրեր պետք չեն, խնդիր չկա: Ակադեմիայի խնդիրը լինելու էր այն, որ, ոչ մեծ թվով ուսանողներ ունենալով, մեր հետագա, գալիք սերնդի հարցն էր լուծելու: Այդպիսի շատ մոդելներ կան աշխարհում, և ես նման մի բան էի ուզում կիրառել այստեղ:

 

Ասում են` իմ PR-ը քիչ է, բայց ես նախընտրում եմ դրա փոխարեն աշխատել

Արվեստն այնքան էլ լավ օրի չէ մեզ մոտ: Իհարկե, կենցաղը որոշ կապ ունի, բայց, մյուս կողմից, ես համոզված եմ, որ եթե արվեստով լցված մարդիկ շատ լինեին, ամեն ինչ մի փոքր այլ հունով կընթանար: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ հաճախ կարող ես արտակարգ մակարդակի համերգ կազմակերպել, և դա ունենա նույն ընդունելությունը, ինչ ցածր մակարդակի համերգը: PR բառից սկսել եմ արդեն զզվել, ամեն ինչ դրա հետ են կապում: Ինձ անընդհատ ասում են` իմ PR-ը քիչ է, բայց ես նախընտրում եմ դրա փոխարեն աշխատել: Ես տեսնում եմ խնդիրներ և չեմ կարող դրանց մասին չխոսել: Ինչ վերաբերում է ֆիլհարմոնիկին, մենք անում ենք ամեն ինչ, որ կարողանանք առաջ գնալ: Չեմ կարող չասել նաև, որ, չնայած այդ ամենին, Հայաստանում իսկապես կա համերգային կյանք. անվանի մարդիկ են գալիս, կայացած փառատոներ ունենք: Սա էլ աբսուրդների շարք է, որը երևի մի օր իր հանգուցալուծումը կստանա, սա էլ փուլ է, որը պետք է հաղթահարել:

 

Առանց արվեստի, հատկապես` մեզ նման փոքր երկրի համար, մենք ոչինչ ենք

Կարծում եմ, մշակույթի առումով, մենք քիչ ենք կրթվում, քիչ ենք մեր երեխաներին կրթում: Մարդիկ այնպիսի բաներ չգիտեն, որ երբեմն ուղղակի զարմանում եմ: Արդյունքը, ի վերջո,  հաճելի չի թվում, պետք է զգուշանալ հետևանքներից: Երաժշտական դպրոցի երեխաները չեն հետաքրքրվում երաժշտությամբ: Առանց արվեստի, հատկապես` մեզ նման փոքր երկրի համար, մենք ոչինչ ենք: Անշուշտ, մենք ուժեղ բանակ ունենք, հուսանք` տնտեսությունը, որ զարգանա, ամեն ինչ առաջ կգնա, բայց առանց արվեստի ինչպե՞ս պետք է զարգանա երկիրը, մանավանդ` երբ բավական հաճախ նոր ու տաղանդավոր անուններ ենք լսում: Ժողովուրդը տաղանդավոր է, բայց` անհատապես, և պետք է մտածել` ի՞նչ է հարկավոր անել, որ համատարած հետաքրքրություն լինի: Հաճախ այս հարցում մեղադրում են հեռուստաընկերություններին, բայց ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ երբ ես փոքր էի, մեծ դժվարությամբ ինչ-որ ձայնասկավառակներ էի ձեռք բերում և լսում, իսկ հիմա ցանկացած մեծ երաժշտի գործերը կարող ես լսել հեռուստացույցով: Պետք է երեխայի մեջ արվեստի հանդեպ սեր մտցնել, խնդիրը միայն երաժշտությունը չէ: Նկատել եմ, որ արվեստի մի ճյուղով հետաքրքրվող մարդիկ արվեստի մյուս ճյուղերն էլ սիրում են, քանի որ դրանք, ի վերջո, փոխկապակցված են:

 

Չեմ էլ պահանջում, որ բոլոր հարցերը մեկ օրում պետք է լուծվեն

Ֆիլհարմոնիկն առաջ է գնում: Ես հիանում եմ մեր երաժիշտներով, այն բանով, թե իրենք ինչպես են անտրտունջ այսքան տարի աշխատում: Մենք հազար ու մի խնդիր ունենք, բայց երբեք չես լսի, որ երաժիշտներից մեկն ասի` երբ ինձ լավ գործիք տաք, այդ ժամանակ էլ լավ կնվագեմ: Այո, կա այդ գործիքի կարիքը, բայց ունեցած գործիքով փորձում են մաքսիմալ լավ արդյունքի հասնել: Մյուս կողմից` ֆիլհարմոնիկի նկատմամբ հոգածություն ունի անձամբ ՀՀ նախագահը, ինչը շատ բան է ասում երկրում տարվող մշակութային քաղաքականության մասին: Ես չեմ էլ պահանջում, որ բոլոր հարցերը մեկ օրում պետք է լուծվեն: Մենք թարմացնելու կարիք ունենք ամբողջ փողային, հարվածային գործիքները, լավ կոնտրաբասներ չունենք, լարային գործիքների մասին էլ չեմ խոսում, որովհետև անհնար ծախսերի դաշտ կընկնենք: Մենք այս վիճակով էլ գնում ենք` արտասահմանյան ամենագլխավոր կենտրոններում նվագելու, և մեկ ճանապարհ ունենք` նվագել շատ բարձր մակարդակով: Իմ միակ ցանկությունն է` ֆիլհարմոնիկին տեսնել ավելի բարձր ստեղծագործական մակարդակում:

 

Որպեսզի երաժիշտը մնա և աշխատի Հայաստանում, նրան մինիմալ պայմաններով է պետք ապահովել

Նվագախմբում սերնդափոխության հարց չկա, մեր նվագախմբի 80 տոկոսը երիտասարդներ են կամ միջին տարիքի անձինք: Հիմա մենք փորձում ենք այնպես անել, որ ոչ մեկը չգնա, և եթե չգնան, մենք բավական տարիների պաշար ունենք: Մի երեք արտասահմանցի երաժիշտ ունենք, որոնց ներկայությունը շատ կարևոր է, շփումն արտակարգ արդյունք է տալիս: Կուզեի` նրանց թիվը հասնի 6-ի: Որպեսզի երաժիշտը մնա և աշխատի Հայաստանում, նրան մինիմալ պայմաններով է պետք ապահովել, այսինքն` աշխատավարձ տալ, որը կբավարարի նրան պահել իր ընտանիքն ու այլ աշխատանքի մասին չմտածել: Ճիշտ է, ունենում ենք կորուստներ, բայց, համենայն դեպս, երաժիշտների համատարած արտահոսքը  կանգնել է: Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենթալիտետն է շատ փոխվել, չկա նման մտածողություն, թե` մենք ենք, որ կանք: Յուրաքանչյուրը գալիս է ու գիտի` ինչ պետք է անի, իրենից ինչ են սպասում:

 

«Աստղային» գրոհները մի քիչ պակասել են

Վերջին տարիներին «աստղային» գրոհները մի քիչ պակասել են, և դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ որոշվեց` միայն կենդանի ձայնով երգել: Սրա հետևանքով դաշտից դուրս մնացին նրանք, ովքեր ինչ-ինչ ճանապարհով ինչ-որ տեսահոլովակ էին նկարել ու անընդհատ շոուների մեջ էին: Ի վերջո, մի քիչ ժողովուրդն էլ հոգնեց այս ամենից: Բայց, մյուս կողմից, ասել, թե կտրուկ ավելացել է դասական երաժշտության ունկնդիրների թիվը, ճիշտ չէ: Ընդհակառակը` ես գտնում եմ, որ առաջ ավելի շատ էր ունկնդիրը, համերգների նկատմամբ ավելի շատ հետաքրքրություն կար, իսկ հիմա ցուցադրական կողմը շատ է, շատ ենք խաղում:

 

Կարինե Հարությունյան