կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 14:16
Քաղաքական

ԵԽԽՎ-ում կար քաղաքական հավասարակշռման խնդիր. Արմեն Աշոտյան

ԵԽԽՎ-ում կար քաղաքական հավասարակշռման խնդիր. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ուղիղ եթերով  հետևել է ԵԽԽՎ-ում քննարկումներին և տխրել, որ դրանց ավարտից անմիջապես հետո սկսեցին արտաքին քաղաքականությունը մեկնաբանել` ներքաղաքական ճաշակին համապատասխան: «Այս խնդիրը չի կարելի դիտարկել բացառապես օրվա լրահոսի հոգեբանությամբ և տրամաբանությամբ»,-  այսօր լրագրողներին ասաց նախարարը` անդրադառնալով ԵԽԽՎ` երեկվա նիստին:

Նա նշեց, որ այն, ինչ մենք տեսանք, սառցաբեկորի գագաթն էր, և ակնհայտ է, որ տարվել է աշխատանք բոլոր կողմերից: Ըստ Աշոտյանի` շատ լավ է աշխատել հայկական կողմը, և խոսքը միայն պատվիրակության մասին չէ, այս գործին լծված էին թե՛ ԱԳՆ-ն, թե՛ քաղաքական կուսակցությունները:

«Մենք ունենք արդյունք, որը կարելի է համարել բավարար, որովհետև եթե համեմատում ենք` չարյաց փոքրագույնի սկզբունքով, ապա Ուոլթերի զեկույցը`  «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում», ավելի մեծ չարիք էր: Ակնհայտ է նաև, որ եվրոպական քաղաքական վերնախավը` իրական վերնախավը, շատ լավ գիտակցում է, որ Ղարաբաղյան խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը Մինսկի խումբն է: Նաև ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերաժողովը, բաղկացած լինելով ազգային խորհրդարանների պատգամավորներից, ավելի շատ է տրվում այս կամ այն ազդեցության: Անունը ԵԽԽՎ է, բայց ներկայացված են ոչ թե եվրապատգամավորներ, այլ ազգային մակարդակով ընտրված պատգամավորներ: Սա, ի դեպ, եվրոպական քաղաքական համակարգի համար է մարտահրավեր, քանի որ ստացվում է` համաեվրոպական կառույցները, ինչպիսիք են ԵԺԿ-ն, լիբերալները, սոցիալիստները, համաեվրոպական կառույցները` Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը,  իրենց ազգային մակարդակով ազդեցության մեխանիզմներ քիչ ունեն»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ եթե աչքի անցկացնենք ադրբեջանական մամուլը, կտեսնենք, որ նրանց մոտ երեկվա քվեարկությունից հետո դժգոհությունն ավելի մեծ է: Բացի այդ, ըստ Աշոտյանի, կար նաև քաղաքական հավասարակշռման խնդիր: «Կարծես, մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, որ չանցավ Ուոլթերի զեկույցը: Համեմատաբար /որքանով կարելի է համեմատել ու չափել/ ավելի սեգմենտար խնդրում` Սարսանգի ջրամբարի հետ կապված, հաղթեց պրոադրբեջանական քվեարկությունը: Պետք է հասկանալ մի կարևոր բան` Հայաստանի և Արցախի խնդիրները բացառապես Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավի` իշխանությունների և ընդդիմությունների խնդիրներն են»:

Աշոտյանի կարծիքով` կարևոր է, թե որքանով մենք կկարողանանք ճիշտ աշխատել եվրոպական կառույցների հետ, և այդ աշխատանքը չպետք է կրի արտակարգ իրավիճակի բնույթ, այլ լինի մշտական, տևողական:

«Ես ԵԺԿ-ի օրինակով կարող եմ ասել, քանի որ վաղը նորից մասնակցելու եմ ԵԺԿ-ի քաղաքական համաժողովին, ինչի համար նախապատրաստել եմ համապատասխան ելույթ: Պետք է բոլոր լծակներն օգտագործվեն, պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքական մարտահրավերներում ամենափոքրիկ անձնական կոնտակտը երբեմն ավելի կարևոր է լինում, երբ ինչ-որ մեկի հետ ունես անձնական հարաբերություններ, ճանաչում ես, փորձագետ կամ գործընկեր ես, քան ամենասուր հարցազրույցը, որ տալիս ենք Հայաստանի մամուլում»,- ասաց նախարարը: