Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ «Ելք» խմբակցության այս նախաձեռնությունը կարևոր է նախևառաջ պառլամենտական մշակույթի ձևավորման համար: Նրա խոսքով` «Ելք»-ն այս նախագծով առաջարկում է դուրս գալ վերազգային տնտեսական միությունից՝ երեք տեսակի փաստարկներ ներկայացնելով՝ տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական:
Աշոտյանը նշեց, որ ԵՏՄ-ն ստեղծվել է Ռուսաստանի կողմից և նրա տնտեսության շուրջ: «Հետևաբար` հաշվի առնենք, որ Արցախյան հիմնահարցի հիմնական դերակատարներից մեկը Ռուսաստանն է, իսկ այդ պետության կառուցողական կեցվածքը Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում կասկած չի հարուցում: Հիշեցնեմ` ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարությունները թե' Բաքվում, թե' Երևանում: Այդքան էլ ճիշտ չէ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը պայմանավորել Արցախով»,- ասաց նա:
Ըստ Աշոտյանի՝ քաղաքական փաստարկներից բերվում է նաև այն փաստը, որ ՀՀ-ն, դառնալով ԵՏՄ անդամ, զրկվել է այլ քաղաքական միավորումների հետ անկաշկանդ շփումից: Նա նշեց, որ ցանկացած տնտեսական միավորում ունի քաղաքական բաղադրիչ, ինչպես ԵՄ-ն, որը թեև ստեղծվել է որպես բացառապես տնտեսական միություն, այսօր կամաց-կամաց վերածվում է քաղաքական միավորմանի:
«Քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ԵՏՄ անդամակցությունը բխում է ՀՀ-ի անվտանգության երաշխիքներից: Նորմալ է, որ որևէ պետություն, միանալով որևէ կառույցի, որոշակի լիազորություններ հանձնում է այդ կառույցին` ձեռք բերելով այլ լիազորություններ: ԵՄ անդամ երկրները շատ ավելի մեծ սուվերեն իրավունքներ են պատվիրակել Բրյուսելին, քան ԵՏՄ-ում է»,-հայտարարեց նա:
Աշոտյանն անդրադարձավ հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներին, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն նվազել է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նա ասաց. «Համաձայն եմ՝ դոլարային համարժեքով Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է, բայց էլ ավելի շատ է ընկել ՀՆԱ-ն այն երկրների, որոնք ստորագրել են Եվրոպական ասոցացման համաձայնագիրը, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, և սա դոլարի փոխարժեքի խնդիր է, ոչ թե տնտեսության անկման»:
Աշոտյանը նշեց, որ ԵՄ-ն առ այսօր կայացնում է իր ինստիտուտները: Նա ասաց, որ եթե ԵՄ-ն, որ ունի 60 տարվա պատմություն, դեռ կայացնում է իր ինստիտուտները, ակնհայտ է, որ ԵՏՄ-ն այս մի քանի տարվա մեջ պիտի հաղթահարի այդ դժվարությունները: «Հա՞րթ է ամեն ինչ ԵՏՄ-ում, ո՛չ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ո'չ»,- ասաց պատգամավորը:
Ըստ Աշոտյանի` ռազմական բաղադրիչի հիմնավորումները, որ ՀՀ-ն անվտանգության առումով չի շահել` ԵՏՄ-ին անդամակցելով, ևս միակողմանի են ներկայացված: Պատգամավորը հիշեցրեց՝ իրենք մի քանի անգամ հայտնել են իրենց մտահոգությունները Ադրբեջանին ՌԴ-ից մատակարարվող զենքի վերաբերյալ:
Մարուքյանը նաև խոսել էր այն մասին, որ այս օրերին ՀՀ հարյուրավոր քաղաքացիների արտաքսում են Ռուսաստանի Դաշնությունից: «Դեպորտացիան կա բոլոր ցիվիլ պետությունների միջև, եվրոպական երկրներից էլ հարյուրավոր քաղաքացիներ նույն ճակատագրին են արժանանալու»,- ասաց Աշոտյանը ու հավելեց, որ 60 հազար ուկրաինացի, 20 հազար վրացի արդեն խախտել են վիզայի պայմաններն ու արտաքսվել:
Ինչ վերաբերում է Մարուքյանի տեսակետին, թե իշխանությունների խոստացված «և, և»-ը չի կայացել, Աշոտյանն ասաց՝ կայացել է: Նա շեշտեց, որ, այս հարցը բարձրացնելով, «Ելք»-ը ներկայանում է որպես արևմտամետ ուժ: «Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերների ազնիվ մղումը՝ դիրքավորվել այս դաշտում` որպես այդպիսին»,- եզրափակեց Աշոտյանը:
Նիստը վարող` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Արդյոք պարոն Աշոտյանի վերջին դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն պրողազախական դիրքորոշում ունի»: