Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ-ում տրվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը, որն ուղղված է մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում ՀՀ օրենսդրության, հաստատությունների ու աշխատակարգերի հետագա համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին: Նախատեսվում է նաև օժանդակել ՀՀ-ին՝ որպես ԵԽ անդամ պետության ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված ջանքերին: Հայաստանն այս ծրագրի շրջանակում համաձայնել է կանխարգելել կիբերհանցագործությունը, կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը, խթանել գենդերային իրավահավասարությունը և այլն: Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտավորապես 18.9 միլիոն եվրո է, 0.1 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորումը ապահովված է:
«Մենք շատ լավ արձագանք ենք ստանում դոնորական հանրույթից, հաշվարկել ենք, որ մոտ 57 տոկոսը խոստացված է: Սա շատ գերազանց արդյունք է: Սա բարեփոխումների գործիք է, սրանք մեր բարեփոխումներն են, Եվրոպայի խորհրդի, դոնորական հանրույթի բարեփոխումները չեն, մերն են, և Հայաստանին սա է պետք: Մենք հենց այսպիսի երկիր ենք ուզում կառուցել: Երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտով, որը ամուր կանգնած է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միասնական արժեքների վրա: Երկիր, ինչպիսին մեր հանրությունն է ուզում, որի վկայությունը տեսել ենք 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին»,- իր խոսքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Խոսելով դատական համակարգի բարեփոխումների մասին՝ նախարարն ընդգծեց, որ երկրին անհրաժեշտ է անկախ, անկողմնակալ և օբյեկտիվ համակարգ: «Երբ կառավարությունը քայլ կատարեց, շատ պարզ ձևակերպվեց, որ ամեն ինչ կանի այդ անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար, որ ամեն ինչ կանի, որ որևէ ճնշում չգործադրի դատական իշխանության վրա: Կառավարությունը, մեղմ ասած, այնքան էլ տպավորված չէ այն ճնշմամբ, որը կար դատական համակարգում, բայց ոչ կառավարությունից, այլ ուրիշ սուբյեկտներից, ինչն առաջացրեց քաղաքական ռեակցիա և վճռականություն՝ առաջ տանելու բարեփոխումներն առանց որևէ ձգձգման»,-շեշտեց նա:
Իր հերթին, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բաթաինի-Դրագոնն ավելացրեց, որ նպատակ ունեն ավելացնել դատական համակարգի անկախությունը՝ ընդունելով քրեական և քրեադատավարության նոր օրենսգրքեր, ինչպես նաև ստեղծելով նոր կառույցներ, որոնք կզբաղվեն կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարով:
Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի ներկայացմանը հաջորդեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկի մարման արարողությունը: Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի շենքի ճակատը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» կարգախոսը՝ անգլերեն լեզվով, իսկ բացիկի ստորին ձախ հատվածում նույն կարգախոսն արդեն հայալեզու: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: