կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 13:45
Առանց Կատեգորիա

Միլիցա Մարկովիչ ջան

Միլիցա Մարկովիչ ջան

Իմ կարծիքով` ԵԽԽՎ-ում բոսնիական պատվիրակությունը շատ էլ լավն է` երկու պատճառով: Նախ` Բոսնիայի եւ Հերցեգովինայի ԵԽԽՎ-ական պատվիրակության մեջ կա մի պատգամավոր, որի անունը, ցավոք, ճշտել չհաջողվեց /կարեւոր էլ չէ/. նա ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին քննարկված հակահայկական երկու զեկույցներին էլ դեմ է քվեարկել, այսինքն՝ մեր օգտին է քվեարկել: Այսինքն` մարդը դեմ է ոչ միայն բրիտանացի նախկին ԵԽԽՎ-ական Ռոբերտ Ուոլթերի հայտնի զեկույցին, այլև դեմ է նաեւ իր իսկ հայրենակից, պատվիրակության անդամ, գործընկեր, բոսնիացի, ավելի ճիշտ՝ բոսնուհի Միլիցա Մարկովիչի զեկույցին:

Գուցե այս անծանոթ բոսնիացին Մարկովիչին չի՞ սիրում կամ խավիա՞ր չի սիրում, գուցե ծիրա՞ն է սիրում կամ էլ հարազատ Սարաեւոյում մի ընկեր ունի՝ մանկության, որի անունն է Վարդան Հայկի Գրիգորյան… Մի խոսքով...

Երկրորդ պատճառը, թե ինչու է բոսնիական պատվիրակությունը լավը, չզարմանաք, բայց ԵԽԽՎ-ում ընդունված՝ բոսնիական արտադրության զեկույցն է, ավելի ճիշտ՝ դրա վերնագիրը: Այսպես` տիկին Միլիցա Մարկովիչն իր զեկույցը, ինչպես հայտնի է, վերնագրել է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»: Անշուշտ, մեզ համար վատ է, որ ԵԽԽՎ-ին, թեկուզ դրա՝ Միլիցա Մարկովիչ անունով մեկ պատգամավորի մտահոգում է Ադրբեջանի սահմանամերձ «խեղճ» բնակչության` ջրից զրկված լինելու հանգամանքը: Իհարկե, այն, որ ԵԽԽՎ-ն ընդունում է նման բան, լավ չէ, բայց կրկին կարդանք զեկույցի վերնագիրը, ավելի ճիշտ` դրա ամենաուշագրավ հատվածը` ջրից միտումնավոր զրկված է Ադրբեջանի ոչ թե սովորական, ենթադրենք՝ Բաքվի կամ Սումգայիթի բնակչությունը, այլ` սահմանամերձ: Հարց է առաջանում` այդ ո՞ւմ են սահմանակից Ադրբեջանի՝ ջրից միտումնավոր զրկված բնակիչները:

Չէ, մենք, իհարկե, գիտենք, որ խոսքը Սարսանգի ջրամբարի մասին է, հետեւաբար` խոսքը ԼՂՀ-Ադրբեջան սահմանամերձ շրջանում ապրող ադրբեջանցի բնակչության մասին, որոնց ղեկավարությանը, ի դեպ, բազմիցս է առաջարկ եղել հայկական կողմից՝ ջրամբարը համատեղ օգտագործելու մասին, որը մերժվել է: Սա, կրկնում եմ, մենք գիտենք: Բայց ԵԽԽՎ-ում մի՞թե չկար մեկը, ենթադրենք` իսլանդացի կամ ադրբեջանցի, որ դեմ քվեարկեր այս բանաձեւին, քանի որ Սարսանգի ջրամբարի հարեւանությամբ ապրող ադրբեջանցիները չեն կարող համարվել, կոչվել, ընկալվել սահմանամերձ շրջանի բնակիչներ, քանի որ Սարսանգի ջրամբարն էլ, Արցախն էլ, դրա շրջակա տարածքներն էլ Ադրբեջանում են, ադրբեջանական են` նրանց կարծիքով, նկատի ունեմ՝ ադրբեջանցիների կարծիքով:

Բայց, ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ-ն այդպես չի կարծում, ավելին` այդպես չի կարծում ԵԽԽՎ-ական, բոսնուհի Միլիցա Մարկովիչը: Նրանք կարծում են, որ Սարսանգի ջրամբարի շրջանը ԼՂՀ-Ադրբեջան սահմանամերձ գոտի է: Այնպես որ` մի\' շտապեք տիկին Մարկովիչին վատ-վատ բաներ ասել: Կինը, գոնե մեկ անգամ Սարսանգի ջրամբարի շրջանում չլինելով, հստակ գիտի, սահմանել է, որ դա Ադրբեջանի սահմանամերձ շրջան է, եւ սա այն պարագայում, որ նա խավիար սիրում է, իսկ եթե չսիրեր, ապա չի բացառվում, որ Բաքվում եւ Սումգայիթում ապրող ադրբեջանցիներին եւս անվաներ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչություն:

Հովիկ Աֆյան