Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված երկու հակահայկական զեկույցները որևէ աղերս չունեն նույն այդ կառույցի իրական առաքելության հետ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«ԵԽԽՎ-ի հիմնական առաքելությունը վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նպաստելուն, ժողովրդավարական հասարակության ձևավորմանը և մարդու իրավունքերի պաշտպանությանը: Երկու հակահայկական զեկույցներն այդ ամենի հետ որևէ աղերս չունեին: Այդ զեկույցների` օրակարգ մտնելը տեղի է ունեցել բուն այդ կառույցի ընթացակարգերի ամենակոպիտ խախտումով»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այդ զեկույցների թեմաները պարզապես օդից են վերցված:
«Միլիցա Մարկովիչը երբևէ չի եղել Ղարաբաղում, նա նույնիսկ չի էլ պատկերացնում` ինչ բան է Լեռնային Ղարաբաղը: ԵԽԽՎ-ում սողանքի ուժով ձևավորվել են ոչ ժողովրդավարական մոտեցումներ: Դժվար չէ ենթադրել, թե այդ կինն ինչպիսի մտքեր, ինչ շահեր ունի: Եթե նրանք իրականում զբաղված են տարածաշրջանում լարվածության թուլացմամբ, պետք է նախ և առաջ մտածել, թե ինչ քայլերի պետք է դիմել, որ կողմերի միջև բանակցային գործընթացում լինի վստահություն»,- ընդգծեց Հարությունյանը:
Ըստ նրա` բազմիցս հրավերներ եղել են այդ հակահայկական զեկույցների հեղինակներին` գալ Հայաստան, Արցախ, սակայն նրանք հրաժարվել են: «Մեր ԱԳՆ-ն, Ղարաբաղի իշխանություններն այդ մասին իրենց դիրքորոշումն արտահայտել են, ասել են` խնդրեմ, համեցեք, եկեք, նայեք, ուսումնասիրեք: Սա խոսում է այն մասին, որ այդ կառույցն աստիճանաբար վարկաբեկում է իրեն, կորցնում այն կարևոր դերակատարումը, որ կարող էր ունեալ»,- նշեց պատգամավորը:
Հարությունյանի խոսքով`ԵԽԽՎ որոշումներն իրավական ուժ չունեն: Եվրոպական ամենապատասխանատու գործընկերներն արդեն հորդորում էին իրենց գործընկերներին` զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք չեն համապատասխանում իրենց մանդատին և կարող են վնաս հասցնել նաև բանակցային գործընթացին:
«Մենք ասում ենք, որ այդ որոշումները որևէ ազդեցություն չեն ունենա, բայց այդպիսի որոշումները, որոնք ակնհայտորեն նախաձեռնել է Ադրբեջանը, կարող են ոգևորել ադրբեջանցիներին, նրանց վարքը կարող է դառնալ ավելի ոչ կառուցողական, ագրեսիվ և սանձարձակ: Սա է վտանգը: Սա կարող է կործանարար հետևանքներ ունենալ Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար: Այդ բանաձևերի ընդունումը որևէ խարան չի կարող կպցնել հայկական կամ արցախյան դիվանագիտության վրա: Այս բանաձևերը այսրոպեական քաղաքական ամբիցիաները բավարարելու հարցեր են լուծում, ոչ ավելին»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով մեր պատվիրակության անդամների աշխատանքին` Խոսրով Հարությունյանը նշեց. «Շատերն այս փաստաթղթերի` օրակարգ մտնելը փորձում են կապել մեր պատվիրակության վատ աշխատանքի հետ: Ես այդ կարծիքին չեմ: Մեր պատվիրակության մի քանի տարվա աշխատանքը պետք է գնահատել: Այն, որ փաստաթղթերից մեկը չընդունվեց, խոսում է այն մասին, որ մեր պատվիրակությունն ու ԱԳՆ-ն էական աշխատանք կատարեցին: Ոչ պակաս նշանակություն ունեցան նաև Եվրոպական Միության խորհրդականների հայտարարությունները: Կարծում եմ, որ սա ձեռքբերում է ոչ միայն հայկական կողմի, այլև ԵԽԽՎ-ի համար, որ իր մեջ ուժ գտավ, և ոչ դրական բանաձևերից մեկը չընդունվեց»: