կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 13:35
Տարածաշրջան

Ըստ Մեհմեթ Էյգիի՝ Թուրքիայի արևելքը դատարկում են` այնտեղ հայերին բնակեցնելու համար

Ըստ Մեհմեթ Էյգիի՝ Թուրքիայի արևելքը դատարկում են` այնտեղ հայերին բնակեցնելու համար

Թուրք լրագրող, սյունակագիր Մեհմեդ Շևքեթ Էյգին հրապարակել է «Արդիական հարցեր և պատասխաններ» հոդվածը, որում ցույց է տալիս Թուրքիայի ներքին բարդ իրադրության պատճառները:

Հիմնականում Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների, բնակչության շրջանում ինքնության փնտրտուքների և դրանց վտանգավորության թեմաներով գրող Էյգին «Milli» թերթում հրապարակված հոդվածում հարց ու պատասխանի  տեսքով ներկայացնում է, թե ինչպիսի կառույց է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ-PKK), ում կողմից է այն հովանավորվում, ինչ դեր ունեն հայերը և հրեաները:

Ermenihaber-ը ներկայացրել է այդ հարցերից ու պատասխաններից առավել ուշագրավները:

-PKK-ն արդյո՞ք քրդական շարժում է:

-Արտաքնապես այդպես է երևում և այդպես է ցուցադրվում, սակայն PKK-ն թե\' գաղափարապես, թե՛ նպատակներով խաչակրաց և սիոնիստական շարժում է:

-Ի՞նչ կլինի, եթե PKK-ն հաղթի:

-Թուրքիան կմասնատվի:

-Քրդական պետության ստեղծումը արդյո՞ք քրդերի օգտին կլինի:

-Մեծամասնության, այսինքն` սուննի քրդերի օգտին չի լինի:

-PKK-ին քանի՞ պետություն է աջակցում:

-Դրանց թիվը մոտ 20 է: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք բարեկամ են թվում, սակայն թշնամաբար են վարվում:

-Ինչո՞ւ է դատարկվում արևելյան և հարավարևելյան Անատոլիան:

-Ապագայում այդ տարածքներում առաջին իսկ հնարավորության դեպքում հայ և հրեա բնակչություն կբերվի:

-PKK-ին աջակցող գիտնականները թո՞ւրք են, մահմեդակա՞ն են:

-Նրանց մեծ մասը ազգային ինքնությունը թաքցրած ծպտյալներ են, երկու ինքնություն ունեն:

-Մեդիադաշտում PKK-ին կողմնակից թերթեր և լրագրողներ կա՞ն:

-Չափից շատ կան:

-PKK-ն ամբողջապես հնարավո՞ր է վերացնել:

-Դա շատ դժվար է:

-Հայերը Թուրքիայից որքա՞ն հող են պահանջում:

-Այնքան հող, որ 5 անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի տարածքը:

-Քրդական հարցում Իսրայելի նպատակը ո՞րն է:

-Ցանկանում է ավետյաց երկիրը հիմնել, մեր հարավային տարածքներում ստեղծել Իսրայել պետությանը արբանյակ քրդական պետություն:

-Ըստ իսլամի, Ղուրանի և մարգարեական չափորոշիչների՝ Թուրքիայի մահմեդական համայնքի վիճակը լա՞վ է, թե՞ վատ:

-Արդեն վատ չէ, նույնիսկ շատ վատ է: