Այսօր ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդես եկավ 2015թ. տարեկան ամփոփիչ ասուլիսով: Էլեկտրաէներգիայի ու գազի վերաբերյալ թվային ցուցանիշներ հրապարակելուց հետո նախարարն անդրադարձավ ընդերքի վերաբերյալ հաշվետվությանը:
Ըստ այդմ` հանրապետությունում գործում է օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված 494 թույլտվություն, որից մետաղական օգտակար հանածոների՝ 29, ոչ մետաղական օգտակար հանածոների՝ 439, հանքային ջրերի՝ 26: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար տրամադրված է 63 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների երևակումների՝ 44, ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների՝ 16, երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն՝ 3: Տրված է նաև նավթի և գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսումնասիրության 3 իրավունք: Հրաժարման հավաստագրերի համար 2015 թվականի ընթացքում նախարարություն է ներկայացվել 7 հայտ:
Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով նախարարությունը ստացել է 31 հայտ, որոնցից բավարարվել է 8-ը, մերժվել է 1-ը, հրաժարվել է 1-ը, ներկայացվել է փորձաքննության 20-ը։ Եվս 1 հայտ գտնվում է ընթացքում: Տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատները համապատասխանեցնելու նպատակով, Ընդերքի պետական տեսչության աշխատակիցների կողմից իրականացվել են թվով 167 չափագրման աշխատանքներ՝ 150 կազմակերպություններում:
Մշակվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:
Ընդերքօգտագործման ոլորտում իրականացված գործունեության արդյունքում 2015թ. բյուջետային մուտքերը կազմել են` ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճար՝ 0,342 մլն դրամ, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար (ռոյալթի)՝ 21,1 մլրդ դրամ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար՝ 991,4 մլն դրամ, ընդերքօգտագործման թույլտվությունների համար վճարված պետական տուրք՝ 517,6 մլն դրամ: