կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 16:23
Իրավական

Դուբայի իրավապահները «սխալմամբ» ՀՀ քաղաքացու են ծեծել

Դուբայի իրավապահները «սխալմամբ» ՀՀ քաղաքացու են ծեծել

Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ երեք քաղաքացիների կողմից Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ գողանալու, դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու գործով:

Պարզվում է դեռևս նախորդ տարվա աշնանը հիշյալ գործով վկայի կարգավիճակ ունեցող Դավիթ Արաբյանն այցելելով Դուբայ, տհաճ անակնկալի է հանդիպել: Դուբայի իրավապահ մարմինները ձերբակալել են նրան և նրա նկատմամբ բռնություն կիրառել: Բանն այն է, որ դեռևս 2014թ-ին, երբ Դուբայի իրավասու մարմինները տեղեկատվություն են տրամադրել ադամանդների գողության և հնդիկ վաճառականի սպանության գործով հավանական կասկածյալների՝ Սեմյոն Եդիգարյանի, Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների մասին, նշել են նաև Դավիթ Արաբյանի անունը, ինչից հետո վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ Արաբյանը կապ չունի հանցագործության հետ և որ կատարվածը սխալմունք է: Եվ քանի որ Դուբայում հետախուզվողների բազան չի թարմացվել, իրավապահները, որպես այս գործով հետախուզվող ձերբակալել և բռնություն են կիրառել Դավիթ Արաբյանի նկատմամբ՝ պարտադրելով խոստովանել մեղքը: Վերջինս իրավապահներին խնդրել է թույլ տալ կապ հաստատել Արաբական միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանության հետ, սակայն մերժել են: Այն որ Դուբայում խախտվել են ՀՀ քաղաքացու իրավունքները, տեղյակ է նաև հայկական կողմը, սակայն, թե ինչ գործողություններ է ձեռնարկել այդ ուղղությամբ, հայտնի չէ:

Հիշյալ գործում առկա մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս: Դեռևս 2014թ-ի մայիսին Արաբական Միացյալ էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են ժամանել Հայաստան՝ նպատակ ունենալով հետ ստանալ գողացված ադամանդները, սակայն հայկական կողմը չի տրամադրել, քանի որ դրանք Հայաստան են բերվել մաքսանենք ճանապարհով, իսկ մեր երկրի օրենսդրությամբ դրանք համարվում են իրեղեն ապացույցներ և ներկայումս պահվում են ՀՀ կենտրոնական բանկում: Փոխարենը Հայաստան ժամանած դատախազները վերցրել են գործով մեղադրյալների մատնահետքերը և իրենց երկրում նշանակել մատնադշրոշմային փորձաքննություն: Այս գործով ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանի խոսքով՝ ուսումնասիրելով քրգործում առկա տվյալները, պարզել են, որ մատնահետքերի անհամապատասխանություն կա, իսկ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի արձանագրած կադրերը մոնտաժված են:

«Դուբայում կատարված կիսատ-պռատ քննությամբ Հայաստանում մարդկանց են դատում»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա: Իսկ ընդհանրապես ՝ փաստաբանի կարծիքով ՝ հիշյալ գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է երկու երկրների հարաբերությունների հետ:

Նշենք, որ գործով տուժող՝ Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին պատկանող գրասենյակն ապահովագրված է եղել երկու ապահովագրական ընկերությունների կողմից, ինչն այսօր փաստի առաջ է կանգնեցրել մեր երկրին: Ապահովագրական ընկերություննները համատեղ վճարել են ապահովադիրի (Սալոնկիին պատկանող գրասենյակի) վնասը, և գրասենյակի կրած վնասի հատուցման պահանջի հարցը դրվել է ապահովագրական ընկերությունների վրա: Դրանք էլ, իրենց հերթին, քաղհայցով դիմել են դատարան՝ մեղադրյալներից պահանջելով բնեղենով փոխհատուցել վնասը: Կարեն Հակոբյանի խոսքով՝ ապահովագրական ընկերությունները ադամանդների փախհատուցման ուռճացված թվեր են ներկայացրել: Արդյունքում ոչ միայն ադամանդները կվերադարձվեն, այլև ապահովագրան ընկերությունները հազարավոր դոլարների եկամուտ կստանան: