կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 15:48
Հասարակություն

Ծանրաբեռնված տարի է լինելու. 2016-ի ԿԳՆ անելիքները

Ծանրաբեռնված տարի է լինելու. 2016-ի ԿԳՆ անելիքները

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպեց` ներկայացնելով 2016-ին ԿԳ անելիքները: Ըստ նրա` 2016-ը լինելու է ծանրաբեռնված տարի:

Նա նշեց, որ նախադպրացական կրթության ընդլայնման ծրագրերը կշարունակվեն` 6000 երեխաների համար շուրջ 30 նախակրթարան կբացվի:

Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի կմեկնարկի նաև 5 ավագ դպրոցների վերանորոգման և վերազինման ծրագիրը, ինչպես նաև 12 ավագ դպրոցների վերանորոգման համար կտրվի նախագծային, նախահաշվարկային փաստաթղթերը: Ի դեպ, այս ամենն իրականացվելու է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:

«Մենք կշարունակենք Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրմանը նվիրված միջոցառումները, իսկ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի մի քանի հարյուր դպրոցներում, մասնավորապես, Շիրակի և Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում կդասավանդվի այն, իսկ Երևանում ևս 100 դպրոցներում կսկսեն այն դասավանդել: Ընթացիկ տարում շարունակելու ենք ուշադրություն դարձնել  ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքի ապահովմանը` դասագրքերի պատրաստում, վերապատրաստումներ կլիներ»,-ասաց Աշոտյանը` հավելելով, որ ներառական կրթության ներդնումը նույնպես շարունակվելու է:

Խոսելով մասնագիտական կրթության ոլորտի մասին` նա նշեց, որ շարունակվելու են եվրոպական աջակցությամբ իրականացվող ծրագրերը` կրթության բովանդակության, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես` գյուղական կրթության ոլորտում: Այս տարի, ըստ Աշոտյանի, մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը 3 մասնագիտություններով` խոհարարություն, IT ոլորտ և գյուղատնտեսություն:

«Բարձրագույն կրթության ոլորտում կուզեի առանձնացնել նոր օրենքի մշակման քայլերը` օրենքի նախագիծը պատրաստ է: Այսօր գործող օրենքն ընդունվել է 10 տարի առաջ, և այս տարիների ընթացքում այն շատ է կարկատվել, և հեռանկարների առումով բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ է եվրոպական ստանդարտների առավել համապատասխան նոր օրենք-տեսլական, այսինքն` օրենքը, որը տալու է զարգացման հնարավորություն, և ոչ թե զուտ փաստաթուղթի տեսքով ամրագրելու է այսօրվա իրավիճակը»,-ասաց Աշոտյանը:

Բարձրագույն կրթության ոլորտում շարունակվելու են որակի ապահովման միջոցառումները` ազգային հավատարմագրման գործընթացը, և Աշոտյանը հույս ունի, որ 2015-ին Հայաստանի առաջին եվրոպական հավատարմագիր ստացած բուհից հետո մենք կունենանք ևս մեկ բուհ ևս:

Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարում շարունակվելու են բոլոնիայի գործընթացին համահունչ բարեփոխումները.«2012-2015թթ. Հայաստանը բոլոնիայի քարտուղար երկիրն էր, իսկ 2015-ին հաջողությամբ կազմակերպեցինք նախարարական համաժողովը և հերթափոխը փոխանցեցինք Ֆրանսիային: Հաշվի առնելով հայկական դրական փորձն ու կուտակած գիտելիքները` մեզ առաջարկվել է ֆրանսիական քարտուղարության մեջ ունենալ մասնակցություն: Այսինքն` Հայաստանը մեկ մասնակից կունենա ֆրանսիական բոլոնիայի քարտուղարության մեջ մինչև 2018թ.»:

2016-ին շարունակվելու է նաև հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը` ԿԳՆ-ն շարունակելու է համագործակցել հանրային սեկտորի հետ:

Գիտության բնագավառի մասին խոսելով` ԿԳ նախարարը նշեց, որ Հայաստանը «Հորիզոն 20/20» եվրոպական ծրագրի լիիրավ երկիր է, չնայած փաստաթղթերի ստորագրման ֆորմալ գործընթացը դեռևս տեղի չի ունեցել:

«Կառավարությանն ենք ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, որն առավել բաց կդարձնի գործընթացը, կընդլայնի այն օտար լեզուների ցանկը, որոնցով կարելի է հանձնել ընդունելության քննություն, այսինքն` այսուհետ կարելի է ասպիրանտուրա ընդունվել նաև IELTS հանձնելով: Գիտական աստիճանաշնորհման և կոչումների շնորհման հետ կապված նույնպես փաստաթուղթ է պատրաստվել, որն ավելի թափանցիկ է դարձնելու փորձաքննության հետ կապված հարցերը»,-ասաց նախարարը: