Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 15-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին:
Միրզոյան-ֆեստի բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար»-ը, Խաչատուր Մարտիրոսյանի «Զարթոնք» սիմֆոնիկ պոեմը և Կոնցերտ-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան)։ Ի դեպ, վերջին ստեղծագործությունը Խաչատուր Մարտիրոսյանը նվիրել է հենց Սերգեյ Խաչատրյանին, և այն կատարվում էր առաջին անգամ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց փաստը, որ աշխարհի լավագույն երաժիշտներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, ցանկություն է հայտնել կատարել ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ «Շատ է խոսվում այն մասին, թե պետք է հնչեցնել ժամանակակից կոմպոզիտորների գործերը, ցավոք, շատ քչերն են դա անում։ Սերգեյը երաժշտի այն տեսակն է, որ ինչ ասում է, ինչին հավատում է, ինչով ապրում է, կարող ենք տեսնել նրա գործում»,- ասում է Սմբատյանը։
Նա նաև ընդգծեց, որ Էդուարդ Միրզոյանը մեր դարաշրջանի ամենահեղինակավոր կոմպոզիտորներից մեկն է, որ մեծ ավանդ է ունեցել հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում, և փառատոնը հարգանքի տուրք է կոմպոզիտորին։ Ըստ Սմբատյանի` փառատոնը լայնամասշտաբ է, այն ընդգրկում է երգչախմբային, կամերային, սիմֆոնիկ, անսամբլային համերգներ։
Խաչատուր Մարտիրոսյանը նշեց, որ ստեղծագործությունը սկսել է գրել մոտ 10 տարի առաջ. «Ծավալային և ժամանակակից ռիթմերի առումով հագեցած գործ է, և ես պատկերացրել էի, որ այն պետք է կատարի հենց Սերգեյ Խաչատրյանը։ Ես հիացած եմ կոնցերտի՝ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ»։ Նա նաև գովեստի խոսքեր հղեց Երիտասարդական նվագախմբին՝ նշելով, որ այն ունի կատարողական բարձր մակարդակ։
Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի նաև հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: