Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա 11-րդ «Հայ Ֆեստ»-ի հանդիսավոր բացման արարողությունը: Այս տարի փառատոնը կմեկնարկի «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ:
Այսօր լրագրողների հետ զրույցում փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն արել են ամեն ինչ` այն հանդիսատեսի համար տոն դարձնելու համար:
«Բոլոր ներկայացումները փառատոնային են, նորարարական, եւ հույս ունեմ, որ հերթական անգամ փառատոնը կնպաստի, որպեսզի Հայաստանում էլ ավելի զարգանա մշակութային կյանքը»,- ասաց նա:
«Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացման դերասան Էլեանոր Բաքընը նշեց, որ «1927» թատերախումբը հիմնադրվել է 2005-ին: «Թատերախումբը հիմնադրվեց 4 մարդկանց շնորհիվ` դերասան եւ ռեժիսոր Սյուզան Անդրեյդի, անիմատոր, բեմադրող նկարիչ Փոլ Բարեթի, դերասան, հագուստի ոճաբան Էսմե Ափփլեթոնի եւ դերասան, երգահան, երաժիշտ Լիլիան Հենլինի կողմից: Ավելի ուշ` 2007-ին մեզ միացավ նաեւ պրոդյուսեր Ջոու Քրոուլին. այստեղ էլ թաքնված է մեր ներկայացումների բազմաժանրության գաղտնիքը»,- ասաց Բաքընը:
Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2010-ին Սիդնեյի օպերային դահլիճում, որից հետո թատերախումբն այս բեմադրությամբ մասնակցել է քննադատների դրական արձագանքն ստացած` Լոնդոնի երկու թատերաշրջանին: Երկու տարի թատերախումբը շրջագայել է աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում` ներկայացմամբ հանդես եկել Փարիզի Դե Լա Վիլլե թատրոնում, Նոր Զելանդիայում եւ ԱՄՆ -ի «Սպոլեթո» փառատոներին:
Ըստ Բաքընի` ներկայացման թեման համամարդկային է, եւ հենց դա է պատճառը, որ անկախ նրանից, թե որտեղ է ցուցադրվում այն` մարդիկ գտնում են իրենց կյանքի պատմությանը կապակցելու միջոց:
«Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությունը ներկայացնում է անիմացիայի եւ կենդանի խաղի անկրկնելի համադրություն, որն ուղեկցվում է հնչյունային կատարյալ ձևավորմամբ: Այս ոճի շնորհիվ «1927» թատերախումբը դասվեց վերջին հինգ տարվա ընթացքում ամենից շատ քննարկվող խմբերի շարքը: Հանդիսատեսի հայացքի ներքո թատրոնն ու կինոն միավորվում են` ստեղծելով միանգամայն յուրահատուկ եւ հրաշալի ներկայացում, որի բեմադրման համար թատերախմբից պահանջվել է 18 ամիս: