Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ի տարբերություն այլ թատրոնների, ոչ տոնական իրարանցում է. կրքերը գնալով ավելի են բորբոքվում` թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարման հետ կապված: Հիշեցնենք, որ հաստիքը լուծարվել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով:
Այսօր լրագրողների հետ հանդիպում էր նշանակված արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ: Հանդիպմանը եկել էին նաև թատրոնի մի շարք երաժիշտներ, ինչպես նաև դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Կարեն Դուրգարյանը նշեց` իր համար մեծ պատիվ է, որ իր կողքին այսքան շատ մարդ է կանգնած: Թատրոնի համար գլխավոր դիրիժորը, ըստ նրա, այն մարդն է, որը փորձում է իր կոլեգաների հետ պահպանել ավանդույթները, և թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ: Դուրգարյանը հիշեց` 8 տարի առաջ, երբ լուծարվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, ինքն առաջին մարդն էր, որն ասաց` այո, շատ ճիշտ քայլ է արվել, քանի որ եթե մտադրություն կա ավերելու թատրոնը, այն չպետք է գեղարվեստական ղեկավար ունենա:
«Թատրոնում աշխատող մարդիկ արվեստագետներ են, և ես խոսում եմ հենց նրանց մասին, այլ ոչ թե աթոռների: Հիմա էլ նույն կարծիքին եմ` եթե ուզում են լուծարել նվագախումբը, խաղալ նվագախմբի հետ, թող լուծարեն նաև դիրիժորի հաստիքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի անձը «կալիբրի» հարց է: Ուզում եմ հստակեցնել` Գեղամ Գրիգորյանն արտիստ է, որը շատ մեծ համբավ ունի և կարևոր է հայրենիքի համար` որպես արտիստ, և ես չեմ ուզի այսօր նրա մասին ինչ-որ բան ասել»,- ասաց Դուրգարյանը:
Նա նշեց, որ իրեն զարմացրել է մեկ հանգամանք` իրեն ծանուցագրով են տեղեկացրել, որ իր հաստիքը լուծարվելու է, այն էլ` 2-3 օրից: Դուրգարյանը նշեց, որ, ըստ օրենքի, մարդուն պարտավոր են 2-3 ամիս առաջ զգուշացնել այդ մասին: Ի դեպ, ծանուցագրի մեջ, որպես հեռացման պատճառ, նշված է եղել, որ կրճատվում է հաստիքը, քանի որ փոխում են ստրուկտուրան:
Նա նշեց, որ Գրիգորյանը` որպես գեղարվեստական ղեկավար, իր պատկերացումն ունի` ինչ պետք է անի թատրոնը, դրա համար էլ լուծարել են իր հաստիքը:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ուզում են իր փոխարեն որոշ ժամանակ անց Սերգեյ Սմբատյանին նշանակել որպես թատրոնի գլխավոր դիրիժոր, Դուրգարյանը պատասխանեց, թե ցանկություն չունի խոսելու բաների մասին, որոնք օդում կանգնած են:
«Որևէ մեկը չի կարող ինձնից իմ մասնագիտությունը խլել, ես շարունակելու եմ աշխատել` որպես դիրիժոր` լինի այստեղ, թե` դրսում, հատկապես, որ դրսում, միևնույն է, այսպես, թե այնպես, ես աշխատում էի: Սակայն կարծում եմ, որ նվագախումբը պետք է ընտրի` ով է այն դիրիժորը, որը կարող է ղեկավարել իրեն, ամեն մարդ իրավունք չունի կանգնելու դիրիժորական վահանակի առջև, քանի որ նվագախումբը շատ շուտ գլխի է ընկնում` ով ինչ հնարավորություններ ունի»,- ասաց Դուրգարյանը:
Yerkir.am-ի հարցին, թե երեկ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նախարարությունն իրավասու չէ ինչ-որ միջամտություն կատարել, ի՞նչ կասի այս մասին Դուրգարյանը, նա պատասխանեց, որ նախարարությունը, այո, իրավունք չունի միջամտելու, սակայն տարիներ առաջ հենց նախարարը որոշում կայացրեց, որ գեղարվեստական ղեկավարի հաստիքը չպետք է լինի: «Այսինքն` մի դեպքում նախարարությունը որոշում է կատարում, միջամտում, իսկ այս դեպքում … Նրանք, անշուշտ, իրավունք չունեն միջամտելու, մանավանդ, հիշում եմ` տարիներ առաջ նախարարության աշխատակիցներից մեկն ասաց` իսկ ձեր նվագախումբն ինչո՞ւ չի երգում»,- ասաց դիրիժորը:
Մեր հաջորդ հարցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է` ինչ-ինչ քայլերի հետևանքով փոխվի իրավիճակը, և ի՞նչ ելք է տեսնում այս ամենից, Դուրգարյանը պատասխանեց, որ իր իրավաբանը նշում է, որ բազմաթիվ խախտումների հետևանքով է հաստիքը կրճատվել, և կարող են ջախջախել այդ որոշումը, սակայն իր ընտանիքը դեմ է: «Մեր առողջությունն ավելի կարևոր է: Բացի այդ` կստացվի, որ իմ աթոռի համար եմ կռիվ տալիս, իսկ ես պատրաստ չեմ դրան, ավելի ճիշտ` չեմ ուզում: Ճշմարտությունն օդում կախված է, և բոլորը տեսնում են այն: Հասկանո՞ւմ եք` ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ այդ հաստիքը, և եթե իմ կոլեգաներից որևէ մեկը պիտի այդ պաշտոնը զբաղեցնի և այդպես կարողանա թատրոնը բարձրացնել, ես միայն կողջունեմ: Իմ անձը կարևոր չէ, այստեղ անձի հարցը չէ, քանի որ օպերան իմ սեփականությունը չէ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք գեղարվեստական ղեկավարը կարող է գլխավոր դիրիժոր լինել, Դուրգարյանը պատասխանեց, թե գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը կարող է զբաղեցնել շատ լավ գիտելիքների տիրապետող անձ: «Գեղարվեստական ղեկավար կարող է լինել նկարիչը, դիրիժոր, երգիչը: Դա անձի հարց է, բայց թատրոնում կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք նվագախումբ չեն ղեկավարել, դրա համար կա գլխավոր դիրիժորի պաշտոն»,- շեշտեց նա:
Դուրգարյանը հիշեց, որ իր` թատրոնում աշխատելու 14 տարիների ընթացքում մի շարք խնդիրներ են ունեցել, սակայն սիրով են աշխատել: «Ամիսներով աշխատավարձ չենք ստացել, բայց շարունակել ենք աշխատել, որովհետև դա մեր մասնագիտությունն է, և եթե հաց ու պանիր է եղել, իրար հետ ենք կիսել»,- ասաց նա:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով` պետք չէ զգացմունքներով առաջնորդվել այս դեպքում և մանրամասների հետ կապված ենթադրություններ անել, քանի որ մանրամասների մեջ սատանաներ են լինում և հաճախ ուտում են մեզ: Ըստ նրա` ճշմարտությունը, ինչպես նշեց Դուրգարյանը, այո, օդում կախված է, սակայն այն ամենաանպաշտպան բանն է և պահանջում է, որպեսզի պայքարեն իր համար:
«Կարենի անվան հետ կապված անթույլատրելի, հակամասնագիտական իրողություն է ստեղծվել, և օպերայի թատրոնը, կարծում եմ, մի փոքր շեղվել է իր ֆունկցիաներից: Հիմա ինտրիգային հարաբերություններ են, և բացահայտ երևում է, որ նրա փոխարեն մեկ ուրիշին են որոշ ժամանակ անց նշանակելու: Սակայն Դուրգարյանն, իրոք, ամենից շատ արժանիքներ ունեցող մարդն է այդ պաշտոնի համար: Եթե դրսից ինչ-որ մեկին բերեն ղեկավար, առաջին հերթին ես կլինեմ «ոչ» ասողներից մեկը, քանի որ դրսի մարդը մեր արվեստի խնդիրներով չի կարող ապրել»,- ասաց Ամիրխանյանը:
Նա զարմացած է` մի՞թե կարելի է մարդուն այնքան չհարգել, որ, թուղթ ուղարկելով, ասել, որ հեռացվել է պաշտոնից: «Կամայականությունն է այս ամենի պատճառը, ոչ թե Դուրգարյանի` մասնագիտական որակները. ինչ է, նա հո ձախ ձեռքո՞վ չէր փայտիկը բռնել»,- ասաց կոմպոզիտորը:
Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ դիրիժորի հաստիքը վերացնելը նման է նրան, որ ասեն`ֆուտբոլի թիմում պետք չէ մարզիչ, դաշտի տնօրենը կզբաղվի բոլոր հարցերով: «Չեմ թաքցնում, որ առաջին իսկ օրվանից, երբ լսեցի այս լուրերը, ցավ ապրեցի: Դուրգարյանը մեծ տանջանքների շնորհիվ հիմա դարձել է համաշխարհային մակարդակի դիրիժոր, և հիմա նրան ասում են, թե մեզ պետք չի՞ գլխավոր դիրիժոր: Ես այս մասին ասել եմ նաև Գեղամ Գրիգորյանին, քանի որ ժամանակին նրա հետ էլ են վատ վարվել: Այո, թատրոնում պետք է լինեն տասնյակ ուրիշ դիրիժորներ, բայց գլխավոր դիրիժոր ունենալ թատրոնն ուղղակի պարտավոր է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյո՞ք թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը կարծում են, որ իրենց պետք չէ գլխավոր դիրիժոր, Թոփչյանը պատասխանեց, թե վստահ է, որ նրանք այդ հարցում համոզված չեն:
Թատրոնի երաժիշտներն էլ, իրեն հերթին, նշեցին, որ ղեկավարությունն ուղղակի պարտավոր է հաշվի նստել իրենց կարծիքի հետ, քանի որ մեծամասնությունը դեմ է այս որոշմանը:
Դեպքի հետ կապված` փորձեցինք կապ հաստատել նաև Գեղամ Գրիգորյանի հետ, սակայն թատրոնից տեղեկացանք, որ Գրիգորյանը վատառողջ է, հիմա ի վիճակի չէ որևէ հանդիպման մասնակցել:
Կարինե Հարությունյան