Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց տարին, ինչպես նաև խոսեց հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին:
«Միջազգային պլանով նախատեսված բոլոր մրցումներին մասնակցել ենք և նվաճել 33 մեդալ, որոնցից 6-ը ձեռք են բերվել վարկանիշային մրցաշարերում: Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Բաքվում, դա մեր մարզիկների համար հոգեբանական խնդիր էր, այդ պատճառով արդյունք ցույց չտվեցինք: Երիտասարդները մի քանի տարի է` մեդալ են նվաճում Եվրոպայի առաջնությունում: Այս տարի ունեցանք երկու բրոնզե մեդալ: Աշխարհի առաջնությունից նույնպես սպասում էինք մեդալ, սակայն մրցավարների կողմնակալության պատճառով Վահագն Հովսեփյանը զրկվեց մեդալի հնարավորությունից:
Տղաների մրցաշարում մինչև 22-րդ տեղը վարկանիշային է, իսկ աղջիկների` 14-ը: Տարվա սկզբում չունեինք վարկանիշային ոչ մի մարզիկ, բայց հիմա Դավթյան Հովհաննեսը 14-րդն է, իսկ Ժաննա Ստանկևիչը` 28-րդը:
Տարին բավարար էր, քանի որ մեր հիմնական նպատակը օլիմպիական վարկանիշ ապահովելն էր: Մեզ համար նշանակալից էր նաև Երևանում անցկացված` խուլերի ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին 17 երկրների ներկայացուցիչներ: Հույս ունենք մի քանի տարի անց Հայաստանում անցկացնել խուլերի աշխարհի առաջնությունը»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:
Հարցին` քանի՞ օլիմպիական վարկանիշ եք սպասում, Խիթարյանը պատասխանեց. «Օլիմպիական 3 ուղեգրի հույս ունեմ: Դավթյան Հովհաննեսին բավական է մեկ մրցաշարում չեմպիոն դառնալ և կապահովի ուղեգիր: Օլիմպիական վարկանիշ եմ սպասում նաև Կարապետյան Ֆեդինանտից և Ժաննա Ստանկևիչից: Հովհաննեսն իր անձնական մարզչի հետ կպատրաստվի օլիմպիական խաղերին, իսկ Ժաննան ու Ֆերդինանտը պետք է շատ աշխատեն: Երկուսն էլ հունվարի 6-ից Ավստրիայում կմասնակցեն «Դեպի օլիմպիական խաղեր» խորագրով հավաքին, որին մասնացկելու են 400-ից ավելի ձյուդոիստներ: Այդ մարզիկները Հայաստանում չունեն արժանի մրցակիցներ, այդ պատճառով հավաքը շատ կարևոր է նրանց համար»:
Խոսելով մարզչի փոփոխության մասին` Խիթարյանն ասաց. «Մարզչի փոփոխությունը հիմնականում կապված է արդյունքների անբավարարության հետ: Այն խնդիրը, որը դրվել էր, չի կատարվել: 2013-ը մեզ համար փնտրտուքների տարի էր, որպեսզի գտնեինք այն մարզիկներին, ովքեր կարողանային արդյունքներ ցույց տալ հետագայում: Հաջորդ տարի գտանք այդ մարզիկներին, իսկ 2015-ում ստացվեց այնպես, որ արդյունք ցույց տվեց միայն Դավթյան Հովհաննեսը»:
Հիշեցնենք, որ ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Նազարյանը: