կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 12:12
Սպորտ

Ակնկալում եմ օլիմպիական 3 ուղեգիր. Դավիթ Խիթարյան

Ակնկալում եմ   օլիմպիական 3 ուղեգիր. Դավիթ Խիթարյան

Երևանի խուլ-համրերի սպորտի և մշակույթի պալատում երեկ տեղի ունեցավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որից հետո Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Առաջնությանը մասնակցում էին 17 մարզական կազմակերպությունների 91 մարզիկներ, որոնցից 19-ը աղջիկներ էին: Քանի որ մասնակից աղջիկների թիվը քիչ էր, այդ պատճառով դարձրել ենք 3 քաշային կարգ: Աղջիկների մակարդակը շատ անբավարար է, ուղղակի քանի որ մարզվողներ կան, այդ պատճառով առաջնությունը անցկացրեցինք: Բացի այդ էլ` այս տարի, նախորդի համեմատ, աղջիկ մասնակիցների թիվը շատ էր, բայց նրանք մակարդակը բավարար չէ միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու համար: Մենք ունեցել ենք աղջիկներ, որոնք տարբեր միջազգային մրցաշարերում մրցանակակիրներ են եղել, բայց դրանք հատուկենտ աղջիկ ձյուդոյիստներ են: Միշտ էլ մեզ մոտ եղել է մասսայականության խնդիր: Եթե մենք կարողանանք հատուկ զարգացման ծրագիր ներկայացնել, և ֆինանսավորում լինի, կարելի է 4 տարի հետո աղջիկների հավաքական կազմել, բայց այս պատկերով մոտ ապագայում հնարավոր չէ պատկերացնել, որ կունենանք աղջիկների ուժեղ հավաքական:

Տղաների պայքարին մասնակցում էին բոլոր ուժեղագույնները, բացի Դավթյան Հովհաննեսից, քանի որ նրա մասնակցությունը մեզ ոչինչ չէր տալու: Նա հիմա օլիմպիական վարկանիշ ունի: Մեր խնդիրն այն է, որ նա բարելավի իր վարկանիշային դիրքերը»:

Խոսելով հավաքականի գլխավոր մարզչի մասին, ֆեդերացիայի փոխնախագահն ասաց. «Հավաքականը կվստահվի Նազարյան Արմենին, ով արդեն ավատել է իր մարզական կարիերան: Բայց դա չի լինելու օլիմպիական հավաքականը: Քանի որ այս պահին մեր միակ օլիմպիական վարկանիշ ունեցողը Հովհաննես Դավթյանն է, այդ պատճառով նրա հետ կշարունակի աշխատել նրա անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը: Նրանք արդեն ներկայացրել են իրենց ծրոգիրը, ըստ որի` Հովհաննեսը լավ կնախապատրաստվի և վարկանիշային շատ միավորներ ձեռք կբերի»:

Հարցին թե քանի՞ օլիմպիական ուղեգիր է ակնկալում, Խիթարյանը պատասախեց. «Օլիմպիական  3 ուղեգիր եմ ակնկալում: Օլիմպիական վարկանիշ ունի Հովհաննես Դավթյանը: Ակնկալում ենք նաև Ֆերդինանտ Կարապետյանից և Ժաննա Ստանկևիչից: Ֆերնդինանտը Ռուսաստանից է տեղափոխվել Հայաստան և, մասնակցելով առաջնությանը, վստահորեն արժանացել չեմպիոնի կոչմանը: Եթե Ժաննային հաջողվի օլիմպիական ուղեգիր նվաճել, ապա նա կլինի Հայաստանի ձյուդոյի պատմության մեջ առաջին կին օլիմպիականը»: