Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի ընդունումը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով հարակից զեկուցողն էր, նշեց, որ քանի տարի է, պայքարել են, որ նման օրենք ընդունվի, ու իր համար զարմանալի է, որ արտահերթով ու հրատապ ռեժիմով գալիս է այդ օրենքը ԱԺ: Նա առաջարկեց, որ երկրորդ ընթերցումը թողեն մյուս տարի, մինչ այդ կկազմակերպեն լսումներ այդ հարցով, որ օրենքի հետ կապված մտահոգությունները փարատվեն:
«Էս հրատապության տակ ինչ որ բան կա, ես առաջարկում եմ մինչև երկրորդ ընթերցումը լսումներ կազմակերպենք ԱԺ-ում, որ հասկանանք ինչի մասին է օրենքը, և որպեսզի բոլորը պատրաստ լինեն օրենքի կիրառմանը, ոչ թե հրատապ կարգով ընդունվի, առանց փարատելու կասկածներն ու չպարզաբանված հարցերը: Հետո ինձ մոտ տպավորություն է, որ գյուղատնտեսությունը ուզում են տանել հարկայն դաշտ, որը բացասական եմ գնահատում»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ օրենքի առաջին ընթերցմանը ձեռնպահ են քվեարկելու:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով, նախ անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում ստեղծված վիճակին:
«Դեռևս չի հաջողվել գյուղատնտեսության ոլորտը սոցիալականից տեղափոխել արդյունաբերական դաշտ, այլ կերպ ասած` գյուղատնտեսությունն այսօր սոցիալական է, որովհետև ապահովում է նվազագույն եկամուտ, ծախսերի վերականգնում, իսկ ներկայիս վարկային համակարգի պամաններում անգամ չի էլ հասցնում ծախսերը վերականգնի»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում հիմնարար փոփոխություններ են անհրաժեշտ:
Նա կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտի խնդիրները հետևանք են նախկինում սխալ որոշումների կայացման,և որ այդ սխալ որոշում կայացնող անձինք այսօր առնվազն պետք է ներողություն խնդրեն: Պատգամավորը նշեց, որ այդ օրենքի ընդունման նշանակությունը չափազանց մեծ է, սակայն այն չպետք է հրատապ կարգով ընդունվի, այն պետք է լուրջ քննարկման առարկա դառնա, որովհետև խոցելի կետեր ունի: