Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտել կառավարական որոշումը բենզինի կրկնակի թանկացման վերաբերյալ: Ըստ այդմ՝ բենզինի գինը մեկ լիտրի համար դարձել է 30.000 ռիալ (0.2 դոլար)` նախկին 15.000 ռիալի (0.009) փոխարեն, բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք ամսական 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրը, որը պետք է վաճառվի նախկին՝ 15.000 ռիալով։
Ըստ պաշտանական տեսակետի՝ այս որոշումն ընդունվել է աղքատ քաղաքացիների համար. խոստանում են, որ խնայված գումարներն ուղղվելու են կարիքավորների աջակցմանը: Իրանի նախագահ Ռոհանին նշել է, որ աղքատներին աջակցելու համար կար ևս երեք տարբերակ՝ ավելացնել հարկերը, շատացնել նավթի արտահանումը կամ վերացնել սուբսիդավորումները:
Որոշման ընդունումից հետո բողոքի ալիք է բարձրացել տասնյակ քաղաքներում:
«Թեև սոցիալական բնույթի այդ ցույցերը տեղի են ունենում բազմաթիվ քաղաքներում, բայց ունեն տեղային բնույթ, այսինքն՝ որևէ իրանական քաղաք ամբողջությամբ մատնված չէ ցույցերի: Բայց տեղային բնույթի բավականաչափ անհանգստացնող գործողություններ են տեղի ունեցել՝ բենզակայանների և այլնի հրկիզումներ, հարձակումներ բանկերի մասնաճյուղերի վրա, նաև տեղի է ունեցել ոստիկանական միջամտություն, որի արդյունքում կան զոհեր, որոնց թիվը հստակ չէ, և յուրաքանչյուր թիվ, որը հաղորդվում է, կարիք ունի ճշտման: Իրանի հոգևոր առաջնորդն արդեն հայտնել է զոհերի մասին, սակայն հստակ թիվ չկա, հետևաբար՝ պետք է ուշադիր լինել՝ զանազան մանիպուլյացիաներից խուսափելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտնում է, որ ցուցարարները կիրառում են հրազեն ոստիկանության հետ բախումների ժամանակ, ինչի հետևանքով զոհվել են մի քանի իրավապահներ: Իրանում արգելափակվել է ինտերնետը:
Իրանի էլիտար՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ եթե անկարգությունները շարունակվեն, վճռական միջոցառումներ կիրականացնի և կմիջամտի:
Իրանցի ուսանողների տեղեկատվական գործակալության (ISNA) հաղորդմամբ՝ Իրանի ղեկավարությունը նոյեմբերի 18-ից պատրաստվում է կոմպենսացնել բենզինի գնի բարձրացման հետևանքով առաջացած վնասները:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ տեղի է ունենում մի գործընթաց, երբ փորձ է արվում սոցիալական բողոքի գործողությունները օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով տեղափոխել քաղաքական, և, որն ամենավտանգավորն է՝ էթնիկական դաշտ: «Մասնավորապես՝ ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են Թավրիզում (որն, ըստ ադրբեջանական զառանցանքների, պետք է լինի միացյալ Ադրբեջանի մայրաքաղաքը) սպանվածների մասին, որն իրականությանը չի համապատասխանում: Խոսք է գնում նաև քրդերի շրջանում սպանվածների մասին, ինչը ակնհայտ ցուցիչ է առ այն, որ կիրառվում է քարոզչական մեթոբանություն՝ Իրանի ներսում էթնիկական գործոնը ակտիվացնելու համար: Օտարերկրյա ԶԼՄ-ների հետապնդած նպատակը մեկն է՝ հասնել գործող իշխանությունների և, ընդհանրապես, շիա վարչակարգի փոփոխությանը, սերմանել համատարած անկայունություն՝ խամաճիկային իշխանություն ունենալու համար»,- նշեց իրանագետը:
Նշենք նաև, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող ԱՄՆ-ն արձագանքել և իր աջակցությունն էր հայտնել «իրանցի ժողովրդին խաղաղ ցույցերի ընթացքում» և քննադատել ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Դրան ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին, և նշել, որ իրանցի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ նմանատիպ հայտարարությունները կեղծավոր ու ցուցադրական են, որոնց մեջ չկա ոչ մի անկեղծ մտահոգություն:
Իրանագետը նաև նշեց, որ սա «սովորական» իրավիճակ է Իրանի համար, քանի որ նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել նաև նախկինում, և, որպես կանոն, իշխանությունները կարողացել են կանխել այսպիսի իրավիճակները: Նա հույս հայտնեց, որ այս անգամ ևս դա կհաջողվի: