կարևոր
4720 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-23 15:57
Հասարակություն

Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը, անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները․ Գառնիկ Դանիելյան

Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը, անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները․ Գառնիկ Դանիելյան

«Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը, անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը և մանրամասնում․

«Օրերս ԱԺ-ում՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ձկնաբուծարարների՝ փակ ցիկլով աշխատանքին անցնելու հարցը, կարծիք հայտնեցի, որ նման փոփոխությունները պետք է իրականացնել հնարավորինս անցնցում:

Մտահոգություններս կապված էին այն հանգամանքի հետ, որ փակ համակարգին անցնելիս այս բիզնեսի ներկայացուցիչները կարող են կրել մեծ վնասներ՝ ընդհուպ փակելով իրենց ձկնաբուծարանները:

Ցավոք, մտավախությունս հաստատվեց. այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց:

Բոլորիս է հայտնի, որ Հայաստանում ունենք ջրային ռեսուրսների, ինչպես նաև՝ ճիշտ կառավարման խնդիր: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ շատ հաճախ տեխնիկական հագեցվածության պակասի, մաշված խողովակների արդյունքում ենք ունենում ջրի կորուստներ:

Ինչ վերաբերում է փակ համակարգին անցնելուն, միանշանակ է, որ բոլորիս ցանկությունը մեկն է՝ հնարավորինս խնայել մեր ջրային պաշարները:

Սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունը, մինչ տնտեսվարողներին անցնելը, լավ կլիներ, որ բացառեր նման դեպքերը: Տեսանյութում Արարատյան դաշտավայրի տիրազուրկ հորերն են, որոնք անխնա գնում, թափվում են հարևան պետություններ:

Մինչդեռ, կարելի էր առնվազն փականներ տեղադրել, կոնսերվացնել այս ջրերը: Կարծում եմ՝ մեծ ծախսեր չեն պահանջվում դրա համար:

Մեր ջրային ռեսուրսները վատնվում են նախևառաջ պատկան մարմինների անտարբերության հետևանքով:

Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, կարելի էր շահագրգիռ կողմերի, ձկնաբույծների հետ մինչ օրենքի ընդունումը ունենալ հանդիպումներ, լսել նրանց մտահոգությունները, կազմել աջակցության ծրագրեր՝ փակ համակարգին անցնցում և առանց վնասների անցնելու համար:

Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը, անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները:

Տեսանյութը՝ մեկնաբանության մասում»։