Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները առաջինն էին կառավարման նոր մոդելի անցումից հետո, ինչպես նաև ընտրակարգի մի շարք նորմածությունների տեսակետից: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները, և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ ներկայացնել: Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` առավելագույնս քաղաքակիրթ ընտրապայքարի համար:
Թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ընթացքում տեղ գտան որոշակի թերացումներ կամ բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ, չհաշված մասնակի բացառությունները, կարծում եմ, հաջողվեց դուրս չգալ առողջ մրցակցության սահմաններից: Համենայն դեպս, մեծամասամբ հնարավոր եղավ խուսափել սուր առճակատումներից, անձնական վարկաբեկումներից ու ծայրահեղ այլ դրսևորումներից:
Շնորհակալ եմ նաև ոչ միայն ինձ ձայն տված շուրջ 45.000 ընտրողներին, այլև հատկապես Լոռու մարզի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կամ անհատին տվեցին իրենց քվեն: Նախընտրական շրջանում իմ հանդիպումների ժամանակ մեծ ջերմություն եմ զգացել հանդիպումներին մասնակցած իմ հայրենակցներից, ինչի համար ևս շնորհակալ եմ: Թե այդ ջերմությունը, թե ակնհայտ վստահությունը էլ ավելի են պարտավորեցնում: Մյուս կողմից, իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն:
Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ: Ինչ վերաբերում է ինձ, ապա մեկ անգամ ևս ուզում եմ հավաստել, որ շարունակելու եմ աշխատել իմ հնարավորությունների սահմաններում:
Կարեն Կարապետյան ՀՀ ԱԺ պատգամավոր