կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 13:39
Քաղաքական

Օգտվում եք նրանից, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող Ձեզ գրկել, հանել էստեղից. Շարմազանովը՝ Փոստանջյանին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: 

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ներկայացնելով փոփոխությունը, նշեց, որ դրանով անմաքս առևտրի ռեժիմից կօգտվեն Հայաստանում ոչ միայն օդանավակայանների տարածքում գործող առևտրի կետերը, այլ նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերին, մասնավորապես` օրենքի ընդունումից հետո ցամաքային անցակետերում`Մեղրիում, Բավրայում ու Բագրատաշենում, հնարավորություն է ընձեռվելու, որ գործող անմաքս առևտրի կետերը ազատված լինեն ԱԱՀ-ից:

Ելույթի համար գրանցվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա մի փոքր խոսեց օրենքի փոփոխության մասին, հետո` ԵՏՄ անդամակցության անօգուտ լինելու, արտագաղթի, իշխանությունների անպտուղ քաղաքականության մասին, հիշեց նաև Պերմյակովի սարսափելի ոճրագործությունը` մեղադրանք հնչեցնելով, որ իշխանությունները այդպես էլ չկարողացան բացահայտել այն, այնինչ` արդեն մեկ տարի է անցել: Զարուհի Փոստանջյանը խոսեց իշխանությունների հանդեպ անհնազանդության մասին` կոչ անելով, որ բնակիչները չմուծեն հարկերը:

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց նրա խոսափողը` ասելով, որ պատգամավորը ըստ էության չի խոսում: Պատգամավորը դժգոհեց, որ Էդուարդ Շարմազանովն օրենք է խախտում:

«Ես օրենք չեմ խախտում, օրենք եմ պահում: Ձեզ հետ էլ բանավիճելու ցանկություն չունեմ, տիկի\'ն, չի կարելի, չէ՞, սա խեղկատակություն չէ, խոսքի ազատությունն ու ամենաթողությունը տարբեր բաներ են, գնացեք Ձեր տանը արեք Ձեր կապրիզները, գնացեք, խելոք Ձեր տեղը նստեք»,- ասաց Շարմազանովը և մի քանի անգամ ամբիոնի մոտ կանչեց հաջորդ հերթագրված պատգամավորին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Սակայն Զարուհի Փոստանջյանը չէր իջնում ամբիոնից: Դա հունից հանեց Շարմազանովին: Նա չգիտեր ինչ անել, քանի որ Զարուհի Փոստանջյանը չէր պատրաստվում թողել ամբիոնը: Արծվիկ ՄԻնասյանը ստիպված հանեց իր ելույթը և նշեց, որ կհերթագրվի խմբակցության անունից:

«Սա մանկապարտեզ չէ, էլ ո՞նց ասեմ, հորդորեմ, խնդրեմ, մարդիկ մեզ նայում են, ամոթ է: Օգտվում եք նրանից, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող Ձեզ գրկել, հանել էստեղից: Ի՞նչ անեմ, մի ջենտլմեն չկա, որ Ձեզ դուրս հրավիրի էստեղից: Կարծում էի, որ Դուք ադեկվատ մարդ եք»,- ասաց Շարմազանովը՝ ընթերցելով ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը նախատեսված է կարգազանց պատգամավորների համար:

Դրանից հետո Շարմազանովը, որպես նախագահող, հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որից հետո պետք է ելույթ ունենա Արծվիկ Մինասյանը: