կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 12:36
Քաղաքական

Հանգիստ պահեք Ձեզ. Նաղդալյանը` Փաշինյանին

Հանգիստ պահեք Ձեզ. Նաղդալյանը` Փաշինյանին

Այսօրվա ԱԺ նիստն ընթացավ փոխադարձ հանդիմանություններով: Քվեարկության էր դրվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին որոշումը:

 

Նիկոլ Փաշինյանը փորձեց հիմնավորել, թե ինչու է դեմ քվեարկելու նախագծին, սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պահանջեց անջատել նրա խոսափողը` պատճառաբանելով, որ նրա ելույթը բովանդակային է, այլ ոչ` վարման կարգի հետ կապված:

 

«Հանգիստ պահեք Ձեզ, պարո'ն Փաշինյան»,- կոչ արեց Նաղդալյանը` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դժգոհ պահվածքի:

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, վարման կարգի հետ կապված, նշեց, որ «վարման կարգի վերաբերյալ» նշանակում է, որ պատգամավորները պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը, թե ինչու են կողմ կամ դեմ քվեարկելու, և դա չի կարող համարվել բովանդակային քննարկում: «Մի' ընդհատեք պատգամավորներին, որպեսզի իրենք հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը»,- ասաց նա:

 

Զարուհի Փոստանջյանն էլ ավելացրեց. «Տիկի'ն Նաղդալյան, Դուք արդեն չարաշահում եք ձեր պաշտոնական դիրքը, ինչպես հիմա, այնպես էլ երեկ, երբ ռեպլիկներ էիք բաց թողում այդտեղից: Դա հարիր չէ տիկնոջը»: Հերմինե Նաղդալյանը Զարուհի Փոստանջյանի խոսափողը եւս անջատել տվեց` պատճառաբանելով, որ ելույթը վարման կարգին չէր վերաբերում: