կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 12:12
Մշակույթ

Մշակույթն իր տեղում կլինի, երբ արվեստին վերաբերվեն այնպես, ինչպես բանակին

Մշակույթն իր տեղում կլինի, երբ արվեստին վերաբերվեն այնպես, ինչպես բանակին

Կոմպոզիտորների միությունում կյանքը եռում է` փոփոխություններ և, ցավոք, դժվարություններ էլ կան. այսօր լրագրողներին ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նա հայտնեց, որ միությունը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելը մեծ ծախսերի հետ է կապված, իսկ միությունը չունի նման միջոցներ:

«Այնուամենայնիվ, մենք տարվա ընթացքում կարողացել ենք ինչ-ինչ միջոցառումներ իրականացնել. դրսում համերգներ են եղել, փառատոներ ենք կազմակերպել միությունում: Հետաքրքիր էին դրսում տեղի ունեցած համերգները, քանի որ օտարազգի երաժիշտները կատարում էին հայ կոմպոզիտորների գործերը: Օրինակ` նոյեմբերի 1-ին Բոստոնում համերգ տեղի ունեցավ, որի ժամանակ սևամորթ մի երգիչ «Թռչեի մտքով տուն» էր կատարում»,- ասաց Սաթյանը:

Ըստ նրա` խորհրդային տարիներին ամեն ինչ պետությունն էր անում, և մշակութային ոլորտում մեծ հատկացումներ էին լինում, իսկ հիմա ստիպված են բավարարվել մի քանի հարյուր հազար դրամով: «Մենք շատ լավ ենք հասկանում` ինչ վիճակում է գտնվում պետությունը, դրա համար էլ չենք ստիպում: Ստիպելու իրավունք էլ չունենք, քանի որ ՀԿ-ի կարգավիճակ ունենք: Մեր երկրում մշակույթն իր տեղում կլինի, երբ արվեստի ոլորտին վերաբերվեն այնպես, ինչպես բանակին, քանի որ երկուսն էլ կարևոր գործով են զբաղված` երկրի սահմաններն են պաշտպանում»,- ասաց կոմպոզիտորը:

Նա նշեց նաև, որ միությունը մեծ տեղ է տալիս երիտասարդ կոմպոզիտորներին, քանի որ նրանք միության ապագան են, ինչու չէ` նաև ներկան: «Ուրախալի է այն փաստը, որ մենք կամաց-կամաց հանդիսատես ենք ձեռք բերում, այսինքն` կա առաջընթաց` երիտասարդների երաժշտության պրոպագանդման առումով: Ես միշտ նրանց ասում եմ, որ կարևոր է լինել ոչ միայն երաժիշտ, այլ նաև քաղաքացի, քանի որ միայն այդ կերպ կարող ես լինել լավ արվեստագետ»,- ասաց Սաթյանը:

Խոսելով Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան մասին` նա նշեց, որ իրենք փորձում են այն աշխատեցնել, սակայն առաջին հերթին հարկավոր է վերանորոգում: «Ճիշտ է, որոշ ժամանակ առաջ կային մարդիկ, որոնք ցանկանում էին ներդրումներ կատարել այնտեղ, սակայն մենք հասկացանք, որ նրանք իրականում ուզում են իրենցով անել այն: Մենք հիմա երկու պայմանագիր ենք կնքել` 5 տարի ժամկետով, և քոթեջներից երկուսը վարձակալման հիմունքներով կտրվեն նրանց: Դիլիջանի հետ կապված` մեծ ծրագրեր ունենք, ուզում ենք փառատոն կազմակերպել` առանց մեծ ներդրումների»,- հայտնեց Սաթյանը:

Նրա կարծիքով` միությունը կկարողանա լուծել իր ֆինանսական խնդիրները` Դիլիջանի ստեղծագործական տունն աշխատեցնելով: