Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցից 4 օր առաջ Հայաստանի կառավարությունը մեծ խրախճանք է կազմակերպում։ Հանրության գրպաններից գանձած գումարի մոտ 6 միլիոն դոլարն էլ հատկացնում է թմրամոլ երգիչ Սնուփ Դոգին՝ «Հրազդան» մարզադաշտ բերելու համար։ Արտիստը աշխարհին հայտնի է ոչ միայն իր հայհոյախառը երգերով, այլ հիմնադրած ընկերությամբ (Leafs By Snoop), որը զբաղվում է թմրանյութի օրինական արտադրությամբ ու վաճառքով։
Արցախում շրջափակված 120 հազար մեր հայրենակիցների ցեղասպանվելն ու գրեթե ամենշաբաթյա ռազմական, մարդկային կորուստները մոռացության տալու համար Փաշինյանն ու իր թիմը լուծում են գտել՝ ազգովի կլիցքաթավենք։Կարճ ասած, կկայանա ՔՊ-ականների «սրտի՝ միջին վիճակագրական խնջույքը», որը, ինչպես կասեր ՔՊ–ական Էդուարդ Աղաջանյանը, առանց թմրանյութերի չի անցնի, հատկապես, երբ արտիստը թմրանյութ է օգտագործում, երբ սիրտն ուզի: Իսկ նրա սիրտն ուզում է հատկապես համերգների ընթացքում։
Կառավարությունը հայտնում է, թե ծրագրի նպատակը Հայաստանում մշակութային կյանքի աշխուժացումն է, Հայաստանի ճանաչելիության բարձրացումը։ Ստացվում է Հայաստանի ճանաչելիությունը պետք է բարձրացնի թմրանյութ քարոզող Սնուփ Դոգը։ Հին բարքերն ու հայ մեծերին վաղուց են մերժել այս իշխանությունները ու մոռացել, որ Հայաստանը ճանաչելու ու հայ մարդու մասին պատկերացում կազմելու համար մեզ Սնուփ Դոգ պետք չէ, երբ ունենք ավելի հարուստ մշակույթ, որով կարող ենք ներկայանալ աշխարհին։
Կառավարության մյուս նպատակը ժամանակակից արվեստին հաղորդակցվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումն է։ Անշուշտ հայհոյախառը երաժշտական արվեստը սերտելու ճիշտ ժամանակն է։ Ի՞նչ արդյունքների է սպասում Հայաստանի կառավարությունը։ Հանրության լայն զանգվածներ՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբեր կներգրավվեն։ Թե ինչպես են հանրության խոցելի խմբերը ներգրավվելու, երբ տոմսերի արժեքները լինելու են ավելի բարձր, քան ամերիկյան այլ հայտնի ռեփեր 50 Սենթի համերգի գներն էին (30.000-300.000 դրամ)՝ հաշվի առնելով, որ Սնուփ Դոգն ավելի հայտնի և ճանաչում ունեցող երգիչ է, դժվար է ասել։
Ծրագրի իրականացումը, իբր, հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, կնպաստի մշակութային զբոսաշրջության ծավալների և դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացմանը։ 6 միլիոն դոլար պետբյուջեից կտրամադրենք հույսով, որ զբոսաշրջիկներ կգան, գումար «կֆռա» երկրում ու գուցե մի հրաշքով, կամ կախարդական փայտիկի օգնությամբ գումարը կրկնապատկված վերադառնա պետբյուջե։ Եւ գլխավոր արդյունքներից մեկը, որին սպասում է կառավարությունը՝ Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոուբիզնեսի շուկա։ Թե ինչպես են այդ հաշվարկն արել՝ ոչ մի կերպ հնարավոր չեղավ հասկանալ։
Իշխանականները հույս ունեն, որ այս քայլը հավասար պայմաններ կստեղծի դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար։ Մինչդեռ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը` 6,2 մլն, երկրորդը` 9 մլն, երրորդը` 7,9 միլիոն դոլար: Սա նաև հոգեբանական հնարք է. Հայաստանի թուրքասեր կառավարությունը համերգներով, փառատոններով, իրենց կռուիզներով ու կեր ու խումը հրապարակելով ջանում են արցախահայությանը ցույց տալ, որ զրկված են այս ամենից ու դրանից օգտվելու ճանապարհը նահանջելն ու Ադրբեջանին հանձնվելն է։
Եթե Կառավարությունն այդ 6 միլիոն դոլարը հատկացներ ոչ թե այդ խրախճանքի, այլ տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ների արտադրության համար, (որի միջին արժեքը, ըստ ռազմական փորձագետների, կազմում է 30 հազար դոլար) այդ գումարով Հայաստանում կարտադրվեր 200 հարվածային ԱԹՍ։ Բայց իշխանությունները նախընտրում են հայերին «ժամանակակից արվեստին հաղորդակից դարձնել»։
Անի Նահապետյան