Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն։
«Եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արեւմուտքին: Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու եւ նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն` կորցնելով Արեւմուտքի վստահությունը եւ Ռուսաստանի հարգանքը: Իսկ իրականում՝ երկուսի ե'ւ վստահությունը, ե'ւ հարգանքը։ Եթե մենք լինեինք իշխանություն, մենք ժողովրդից չէինք թաքցնի ո'չ եվրաասոցացման, ո'չ էլ Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միության բանակցությունների ընթացքը եւ կկառուցեինք բոլոր այդ բանակցությունները Հայաստան-ԵՄ-Ռուսաստան եռակողմ ֆորմատով կամ Բրուսելի եւ Մոսկվայի միջեւ մաքոքային դիվանագիտության միջոցով:
Մեր նպատակը կլիներ ապահովել Հայաստանում եւ տարածաշրջանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի ներդաշնակեցումը, այլ ոչ թե սերմանել շահերի բախում, ինչին իրականում ծառայեց իրեն խորամանկ պատկերացնող իշխանությունների ապաշնորհ, անհեռատես եւ անվստահելի քաղաքականությունը: Եվ մենք վստահ ենք, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման` շարունակելով վստահելի դաշնակցի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միեւնույն ժամանակ, պահպանելով Եվրաասոցացման պայմանագրի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մասի արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ, կամ առնվազն նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները։
Մենք որոշում կայացնելիս պետք է, որպես ելակետ, ընդունենք այս պահին ստեղծված իրողությունները եւ առաջնորդվենք Հայաստանի գերագույն պետական շահերով եւ մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով: ՀԱԿ-խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին:
Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաեւ որոշակի ռիսկեր ու վտանգներ: Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության եւ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաեւ Հայաստանի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը: Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը:
Հետեւաբար, ԵՏՄ-ի անդամակցությունը առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման խնդիրը, որն առանց այդ էլ Հայաստանի օրակարգում գլխավոր խնդիրն է: Ինչպես ցանկացած միջազգային կազմակերպությունում, ԵՏՄ-ում եւս Հայաստանին սպասում է ծանր պայքար սեփական շահերի համար, մի գործ, որն իր վրա կարող է վերցնել միայն ժողովրդի վստահությունը վայելող եւ համարձակ իշխանությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը: