կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 16:17
Քաղաքական

Մենք 1000 դրամները չենք տալիս իշխանությանը, տալիս ենք բանակին. Փաշինյանը կողմ կքվեարկի օրենքին

Մենք 1000 դրամները չենք տալիս իշխանությանը, տալիս ենք բանակին. Փաշինյանը կողմ կքվեարկի օրենքին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ըստ նախագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:

Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա կարծիք հայտնեց, որ այս նախագծով հնարավորություն է ստեղծվում զինծառայողների սոցիալական խնդիրը դնելու ինստիտուցիոնալ լուծման հիմքի վրա, նախագիծ, որը կազատի վիրավորված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անդամներին պետական մարմինների կամ օլիգարխների դռների առաջ ժամեր ու օրեր անցկացնելուց: Եվ պետության թալանչի, կոռումպացված լինելը որպես փաստարկ բերելը Փաշինյանը սխալ է համարում, թեև հստակ գիտի, որ պետությունը թալանչի է ու կոռումպացված:

«Եթե հանկարծ այս օրենքը չընդունվի, պետությունը կդադարի՞ թալանչի ու կոռումպացված լինելուց: Մենք ի՞նչ պետք է պատասխանենք ուսման վարձ չունեցող զոհված զինծառայողի երեխային: Ասելու ենք. «Բալի'կ ջան, քանի որ պետությունը թալանչի է ու կոռումպացված, քո հայրն էլ պատերազմում զոհվել է, դու գնա, օլիգարխների կլիպներում մանեկենություն արա կամ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, մինչև մենք կանենք իշխանափոխություն, Հայաստանում կհաստատենք օրինականություն: Դե, եթե պետությունը կոռումպացված է, եկեք կոչ անենք, որ ոչ ոք չգնա բանակ` ծառայելու, այդպես կլինի՞»,- հարց ուղղեց պատգամավորը:

Փաշինյանը ներկայացրեց իր դիրքորոշումը` զոհված զինծառայողի ընտանիքը չպետք է մնա որևէ մեկի բարեգործության հույսին, դա նվաստացուցիչ է զինծառայողի ընտանիքի համար: «Մենք այս 1000 դրամները չենք տալիս իշխանությանը, մենք դա տալիս ենք բանակին»,- ասաց նա:

Պատգամավորի ելույթը տեղից ընդմիջեց Զարուհի Փոստանջյանը, ով վրդովվեց` ասելով, որ Փաշինյանի ասածները սխալ են, այդպես չի կարելի ասել, քանի որ այդ գումարները գնալու են իշխանության գրպանը:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց Զարուհի Փոստանջյանին, որ հարգի կանոնակարգը ու չխանգարի Փաշինյանին:

Փաշինյանը շարունակեց` ասելով, որ բանակը կարեկցանքի ու հանգանակության, նաև բարեգործության սուբյեկտ չէ, զոհված զինծառայողի ընտանիքը չպետք է կարեկցանքի ու բարեգործության սուբյեկտ լինի, որովհետև այդ ընտանիքը մեզ պետք է կարեկցի: Իհարկե, շատ մարդիկ շատ միջոցներ ուղարկեցին բանակ, սակայն, պատգամավորի խոսքով, այդ ամենը պետք է կազմակերպված լինի:

Փաշինյանը օրինակ բերեց հեռադիտակներ բանակ ուղարկելը, երբ վերջում պարզվեց, որ դրանք ինֆրակարմիր լույսեր ունեն և թիրախ են հակառակորդի դիպուկահարի համար: «Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին, և ոչինչ չի ստիպի ինձ` կողմ չքվեարկել այս նախագծին»,- ասաց նա: