Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց սահմանադրական փոփոխությունների և քարոզարշավի մասին: Հարցին, թե ինչի՞ համար է շտապողականությունը, որով սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, նա պատասխանեց, որ իրականում շտապողականություն չկա: Շարմազանովը հիշեցրեց 1991 թվականը, երբ սեղանին դրված էր սահմանադրական փոփոխությունների երկու տարբերակ, դրանից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի մշակած տարբերակն էր, որն էլ ընդունվեց 1995-ին, իսկ երկրորդ տարբերակը վեցյակինն էր, որի մեջ մտնում էին ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն և ՀՀԿ-ն:
«Եթե մարդիկ մոռացել են, տեղեկացնեմ, որ ի սկզբանե ՀՀԿ-ն եղել է խորհրդարանական կառավարման կողմնակից»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների կարիք միշտ է եղել:
Հարցին, թե ինչո՞ւ «Այո»-ի շտաբի պետ նշանակվեց երկրի վարչապետը, այլ ոչ թե մեկ ուրիշ հանրապետական, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ հարցին պետք է նայել տեսանկյունից` օրինակա՞ն է, արդյոք, այդ նշանակումը, թե՞ ոչ: Այդ տեսակետից վարչապետի նշանակումը նախընտրական շտաբի պետի պաշտոնում լիովին տեղավորվում է հանրաքվեի մասին օրենքում:
«Այո\', Հանրապետական կուսակցության համար դեկտեմբերի 6-ի «այո»-ն ամեն գնով անհրաժեշտ չէ, կյանքի ու մահվան հարց չէ: Մեզ համար կան բազում առաջնահերթություններ, և չեմ կարծում, որ եթե կառավարության անդամներն ընդգրկվել են շտաբի կազմում, դա չի նշանակում, որ նրանք պատշաճորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը բարձրաձայնում է ընտրական պրոցեսի խախտումների մասին, նա պատասխանեց, որ ընդդիմություն հասկացությունն այս դեպքում լայն է, որովհետև բողոքում է ընդդիմության մարգինալացված հատվածը, իսկ ընդդիմության մնացած հատվածը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Դրա մասին է վկայում ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը:
Ըստ Շարմազանովի` ՀՀԿ-ն մեղավոր չէ, որ այդ մարգինալացված ընդդիմադիր ուժերը չունեն այնքան վստահելի անձինք, որ կարողանան վերահսկել ընտրական խախտումները տեղամասերում: «Բարոյական չէ մարդկանց կանխավ մեղադրել կամ իրենց իսկ քաղաքացիներին նայել որպես պոտենցիալ վաճառվող մարդկանց: Եվ եթե նրանք չեն կարողանում ապահովել անհրաժեշտ թվով վստահելի անձինք, վաղը, մյուս օրը նրանք ո՞նց են երկիր ղեկավարելու»,- ասաց նա: