կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-01 13:50
Քաղաքական

ԱԺ նախագահը նախագահական կառավարման համակարգի կողմնակից է

ԱԺ նախագահը նախագահական կառավարման համակարգի կողմնակից է

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ոչ իշխանական չորս ուժերի միջև ոչ միատարր դիրքորոշման մասին, նշեց. «Ես պահպանողական մարդ եմ, ինչ-որ ունենք, ուզում եմ, որ պահպանվի: Քառյակը քաղաքական համաձայնեցված կառույց չէ, նրանց պայմանավորվածությունն առանձին խնդիրների շուրջ է, նաև օրվա խնդիրների շուրջ` համատեղ արձագանքելու նպատակով: Նրանք ո'չ դաշինք են, ո'չ կոալիցիա: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, դա օրերի, միջադեպերի խնդիրներ լուծելու հարց չի: Քառյակը, սովորաբար, երևույթը տեսանելի դարձնելու համար միավորվում է, այս տեսակետից քառյակը խնդիր ունի իրենց խոսքը վերջանականապես ասելու գործում, որովհետև չի կարելի ասել` այո, բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց հլը տենանք, մենք ինչ ենք ըլնում 2017-ին, 2018-ին, մենք գանք, նոր կանենք այդ բարեփոխումը, որ դա մեր ձեռքի գործը լինի: Դրա փոխարեն անընդհատ քննադատում են` դատական համակարգը այն չէ, խոսքի ազատությունը այն չէ, մարդու իրավունքները այն չեն... Դա նշանակում է, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն»:

 

ԱԺ նախագահի խոսքով` ընդդիմությունը հայտարարում է համակարգային փոփոխությունների մասին` չհասկանալով, թե ինչը պետք է փոխվի: Ըստ նրա` վերջին նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո քառյակի հիմնական ուժերի առաջադրած խնդիրներն են եղել սահմանադրական փոփոխությունները: Նաև վերջին նախագահական ընտրությւոններից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարել, որ պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն:

 

«Հիմա մենք ոչ թե ուշաթափված ուզում ենք համակարգը փոխելք, այլ ուզում ենք, որ քաղաքական այն ուժերը, որոնք իրենց կարծիքն ունեն, մեկ անգամ ևս հարցնեն ժողովրդից` արդյոք ճի՞շտ են այդ համակարգային փոփոխությունները, թե՞ ոչ: Ես նախագահական համակարգի կողմնակից եմ, բայց եթե ամբողջ քաղաքական ուժերը կամ հասարակության մեծ մասը կգտնի, որ պետք է փոխել կառավարման համակարգը, ապա մեզ համար դա քննարկելի է, և մենք կգնանք դրան»,- ասաց Գալուստ Սահակյանը: