Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այն պաշտպանական ու անվտանգության համակարգը, որը նախատեսվում է այս համակարգով, ավելի կայուն է, քան այն համակարգը, որը կա ներկայիս գործող Սահմանադրությամբ: Այս մասին լրագրողներին ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Որ քաղաքական ուժը ձևավորում է կառավարությունը, նա էլ պատասխանատու է ազգային անվտանգության և պաշտպանության համար: «Ոչ ոք չի կարող ասել, որ Գերմանիայի ու Իսրայելի պաշպանական համակարգը ավելի թույլ է, քան, ասենք, Բոլիվիայի ու Ֆրանսիայի պաշտպանական համակարգերը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ 10 տարի առաջ էլ նույն ձևով գովաբանում էին ներկայիս Սահմանադրությունը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյան նշեց, որ սահմանադրական իրավունքի մասնագետը պետք է օբյեկտիվ գնահատական տա ցանկացած տեքստի, ճիշտ մեկնաբանի ու ցույց տա, թե ինչ հնարավորություններ է տալիս Սահմանադրության նոր տեքստը:
«Այն ժամանակ էլ Սահմանադրության թերությունները պարզ էին ու մատնանշված և, ցավոք, այն ժամանակ էլ հաշվի չեն առնվել: Ես ի սկզբանե եղել եմ պառլամենտական կառավարման համակարգի կողմնակից: Սա չի նշանակում, որ ներկայացված նախագծի հետ ես չունեմ խնդիրներ, կլինեն տարբեր կարծիքներ, շտկումներ, բայց կարող եմ հավաստել, որ այս նախագծի կորիզը լիովին համապատասխանում է իմ սահմանադրական համոզմունքներին»,- ասաց Վարդան Պողոսյանը: