կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-20 17:55
Հասարակություն

Վերելակներ ունենք 1965-ից, որոնք այսօր շահագործվում են

Վերելակներ ունենք 1965-ից, որոնք այսօր շահագործվում են

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազմակերպվել էին լսումներ` «Տեխնիկական անվտանգության խնդիրները» թեմայով: Քննարկման առարկա դարձան վերելակների, գազալցակայանների ու կարուսելների տեխնիկական անվտանգության հետ կապված հարցերը:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանն անդրադարձավ վերելակների տեխնիկական անվտանգության հարցին: Նրա պարզաբանումներից պարզ դարձավ, որ այսօր տեխնիկական անվտանգության ու դրա հետ կապված պատասխանատվության հարցը կանոնակարգված չէ, և որ անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգելու համար մշակել ռազմավարություն և օրենք:

«Մենք չենք կարող ամեն վերելակի մոտ մի ոստիկան կանգնեցնել, որ այդ վերելակը չշահագործվի: Անգամ փորձաքննության տեղեկանքը, երբ փակցվում է մուտքում վերելակի մոտ, կարճ ժամանակ անց պոկում են, և վերևի հարկերի բնակիչները տեղյակ չեն լինում, որ այդ վերելակը պիտանի չէ շահագործման համար: Մենք վերելակներ ունենք 1965-ից, որոնք այսօր շահագործվում են: Ճիշտ է, վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է, բայց մենք երկարացրեցինք դրանց ժամկետը` հաշվի առնելով, որ 90-ական թվականներին լույս չկար, ու այդ վերելակները չէին գործում: Ընդամենը գումար պետք է հատկացվի, որ վերելակները վերանորոգվեն: Պատահարների դեպքում չի կարելի միանշանակ ասել, թե  մեղավորությունը համատիրությանն է, ՊՈԱԿ-ինն է,  շահագործող անձինն է,  նախարարությանն է կամ քաղաքապետարանինը: Պետք է ռազմավարություն մշակել, որպեսզի կանոնակարգվի ոլորտը  ու հստակեցվի` ով որքան պատասխանատվություն պետք է կրի»,- ասաց Աշոտ Պետրոսյանը: