Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օպերայի թատրոնի հարակից տարածքների կանաչապատման գործընթացն իր բնականոն փուլում է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ լրացնելով, թե` երբ ավարտվի, կտեսնեք արդյունքը:
Հյուսիսային պողոտայում Եվրոպայի հրապարակի բացմանը մասնակցող Երևանի քաղաքապետին լրագրողները հարցրեցին՝ Երևանն ունեցավ Եվրոպայի հրապարակ, բայց մինչ այժմ երևանյան շենքերը չունեն «եվրոպական» վերելակներ, թեև նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր վերելակներով հոլովակներ էին ցուցադրվում, ե՞րբ կլինեն այդ վերելակները:
Մարությանը պատասխանեց. «Դե, հես ա բացվում է Եվրոպայի հրապարակը, եթե դա կապում եք դրա հետ... Եթե կապենք, ուրեմն պիտի մի 20 տարի առաջ բացվեր: Բյուջեով նախատեսված է վերելակների վերանորոգման խնդրի լուծում, բայց վերելակների փոխման հարցը պետք է լինի համալիր, աշխատանքներն այդ ուղղությամբ սկսված են: Բնականաբար, դրանք կապված են մեծ գումարների հետ, ուստի մենք փնտրում ենք այդ գումարները նաև մասնավորի հետ համագործակցությամբ: Եթե պետությունն ունենար փող, կարելի էր սկսել պրոցեսը, բայց քանի որ չենք ուզում մեծացնել արտաքին պետական պարտքը, փորձում ենք այլ լուծումներ գտնել: Մասնավորին ներգրավելու տարբեր միջոցներ կան, հիմա քննարկում ենք դրանք, որ և՛ վերելակը լավ որակի լինի, և՛ բնակչի վրա ծախսը մեծ չլինի»:
Հարցին՝ Երևանում կա՞ն տարածքներ, որոնք պարզել եք, որ գրոշներով են սեփականաշնորհվել, Երևանի քաղաքապետն արձագանքեց, որ յուրաքանչյուր վարչական շրջանում կան նման հողատարածքներ:
«Ամենայուղոտ տարածքները, այո, շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից, և, ցավոք, դրանք արդեն գրանցված են, կան սեփականության վկայականներ: Այս պրոցեսը մոտ 20 տարի եղել է, ոչ թե` 5 կամ 10 տարի: Եվ այսօր կան ծրագրեր, որոնց իրականացմանը խանգարում է այս հանգամանքը, բայց մենք նաև բանակցում ենք այդ մարդկանց հետ, որ տեղափոխենք, եթե մեզ ինչ-որ հողակտոր ինչ-որ ծրագրի իրականացման համար պետք է: Մենք բանակցում ենք նրանց հետ, որ զիջեն մեզ այդ հողը, իսկ մենք նրաենց համանման մեկ ուրիշ տեղ հող կտանք: Ցավն այնն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, և գալիս են ու փորձում մեզանից շինթույլտվություն ստանալ, բայց մենք մերժում ենք: Նման բան կա Նորքի, Դավթաշենի այգիներում, գրեթե բոլոր այգիներում կան սեփական հողեր: Համապատասխան պաշտոնյաները խելացի են գտնվել և իրենց բարեկամների անուններով են դրանք գրել»,- նշեց Մարությանը:
Նա հայտնեց, որ դատախազության հետ համապատասխան աշխատանք են տանում և այս պահին նախ այգիներն են գույքագրում: «Դատախազության հետ համատեղ տեսնում ենք, թե ինչ հիմքերով են տրվել, վաճառվել: Այս հարցն ավելի շատ քննչական մարմինների դաշտում է: Այսինքն՝ երբ տարօրինակ բան ենք տեսնում, փոխանցում ենք քննչական մարմիններին»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Հակադարձմանն ի պատասխան՝ Տարոն Մարգարյանի կամ նրա ընտանիքի անունով տարածքներ կա՞ն Ձեր նշած վայրերում, Հայկ Մարությանը հորդորեց այդ հարցով քննչական մարմիններին դիմել:
Երևանի քաղաքապետին հիշեցրեցին Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանի հայտարարությունը, որ Հայկ Մարությանը չի կատարել իր նախընտրական և ոչ մի խոստում,, Մարությանը պատասխանեց, թե ինքն էլ ՀՀԿ-ականների ժամանակվա վարչական շրջանների ղեկավարների աշխատանքն է տեսել, դրա համար տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել:
Անդրադառնալով ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմանը` քաղաքապետն ասաց. «Տեսախցիկները դրված են, և վարորդները դեմ չեն, երբ ամեն ինչ բացատրվեց: Սա մեր անվտանգության հարցն է»:
Մարությանը չպատասխանեց Երևանի տրանսպորտային համակարգի թարմացմանը վերաբերող հարցին, պարզապես հեռացավ: