կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 13:22
Հասարակություն

Մրսածությունը կարող է մեծ դարպաս դառնալ վիրուսների համար

Մրսածությունը կարող է մեծ դարպաս դառնալ վիրուսների համար

Մոտենում է սեզոնային գրիպատիպ հիվանդությունների ակտիվացման սկիզբը, սակայն այս պահին չենք կարող ասել, թե երկրում համաճարակ կա. այսօր լրագրողներին ասաց համաճարակաբան, «Դավիդյանց լաբորատորիաների» տնօրեն, Հայաստանի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն Աշոտ Դավիդյանցը:

Նրա հավաստմամբ` այս պահին սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճ կա, սակայն այնպես չէ, որ յուրաքանչյուր երկրորդ մարդը գրիպով է հիվանդ: Ըստ նրա` այս եղանակին չհիվանդանալու համար անհրաժեշտ է որոշ քայլեր իրականացնել, որոնք մեծ բարդություն չեն ենթադրում:

«Պետք է օդափոխել փակ տարածքը, ձեռքերն օրական առնվազն 4 անգամ լվանալ, սնվել հիգիենիկ պայմաններում պահվող սննդի կետերում, սենյակում եղած իրերի մակերեսները մաքուր պահել և հիվանդ մարդուն չամաչել խնդրել, որպեսզի չայցելի ձեզ»,- ասաց Դավիդյանցը:

Ըստ նրա` հիվանդանալու դեպքում պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել և դեղատնից պատահական ընտրությամբ ինչ-որ դեղ ընտրել.: «Ճիշտը բժշկին դիմելն է` հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում, քանի որ հակառակ դեպքում  հիվանդությունը կարող է բարդությունների հանգեցնել, որը հետագայում ավելի երկար բուժում կպահանջի: Բժշկի դիմելով` հնարավորություն ես ունենալու կանխել հիվանդության զարգացումը վաղ շրջանում»,- ասաց մասնագետը:

Ըստ նրա` մրսածությունը հիվանդանալու համար ընդամենը պատճառ է, այն կարող է մեծ դարպաս դառնալ վիրուսների համար. իջեցնելով իմունիտետը` մրսածությունը կարող է այս կամ այն հիվանդության պատճառ դառնալ: