Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կորոնավիրուսը բնակա՞ն, թե՞ արհեստականորեն ստեղծված հարուցիչ է՝ որևէ ծագման մասին միանշանակ պնդել այսօրվա ինֆորմացիայով հնարավոր չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը։
Բնության մեջ վիրուսներ շատ կան և դրանք փոփոխական են․ մանավանդ կորոնավիրուսը, որը ՌՆԹ պարունակող վիրուս է, ավելի հաճախ է փոփոխվում և հետևել, թե այդ փոփոխությունը կատարված է բնակա՞ն, թե՞ արհեստական պայմաններում, չլուծվող խնդիր է՝ բացատրեց նա։
Վիրուսների մասին սեղմ մաստեր-կլասի կարգով նաև տեղեկացրեց, որ Վիրուսները մասնիկներ են, որոնք առկա են բնության մեջ՝ կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից։ Նուկլեինաթթուները 2 տեսակի են լինում․ ԴՆԹ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ և ՌՆԹ՝ ռիբոնուկլեինաթթուներ։ ԴՆԹ պարունակող վիրուսներն ավելի կայուն են՝ համեմատած ՌՆԹ պարունակողների հետ։ ՌՆԹ պարունակողներն ավելի մեծ հաճախականությամբ են փոփոխվում, իսկ կորոնավիրուսը ՌՆԹ պարունակող վիրուս է։
Պրոֆեսորը չի կարծում, որ երկար տևողություն ունենա կորոնավիրուսի այս տարածումը՝ հաշվի առնելով նաև դրա փոփոխվող բնույթը։
Բոլոր դեպքերում, ցանկացած տեսակի վիրուսային հիվանդության տարածում ունի իր օրինաչափությունները՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս։ Տարածումը, նրա համոզմամբ, կապված է հիմնականում կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ․ ինչքան ստույգ են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, այնքան ավելի սահմանափակվում է վիրուսի տարածումը։
«Այն, որ կարանտին է, ես դա ողջունում եմ և դա միջոցառումներից մեկն է։ Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել միջավայրերի, շենքերի, շինությունների, տրանսպորտի, փողոցների ախտահանմանը, որը վերջին ժամանակներում, իմ կարծիքով, թուլացել է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և մենք ունենք այսպիսի արդյունք, որը կստիպի կառավարություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել հենց կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը մինչև վիրուսի այսպիսի մեծ թափով տարածումը»,-ասաց նա։
Ինչպե՞ս է հնարավոր միշտ և ամենուր ախտահանել․ պրոֆեսորը վստահ է, որ գոնե յուրաքանչյուր մարդ կարող է պահպանել հիգիենայի կանոնները, պետք է պայքար մղել առողջ ապրելակերպի համար, պարբերաբար ախտահանել հատկապես այն տարածքները, որոնք ավելի ռիսկային են, բնությունը չաղտոտել, բնապահպանական միջոցառումներին մեծ ուշադրություն դարձնել․ «Սա ամբողջ մի համալիր է, որը անուշադրության կամ ավելի նվազ ուշադրության դեպքում իրեն զգացնել է տալիս և մենք ունենք այս հետևանքը»։
Վիրուսների հետ կողք-կողքի մարդն, իհարկե, ապրել կարող է․ բայց պետք է հաշվի առնել, որ վիրուսներն իրենց կենսաբանական դերն ունեն՝ բացատրեց պրոֆեսորը․ «Վիրուսների կենսաբանական դերը, բնության մեջ ընդհանրապես, հենց տարբեր կենդանի օրգանիզմների պոպուլյացիաների կարգավորումն է»։
Սա վերաբերում է ոչ միայն մարդկանց պոպուլյացիան կարգավորելուն, կան վիրուսներ, որոնց ազդեցությանը ենթարկվում են բույսերը, կան՝ որ կենդանիները, անգամ այնպիսիք, որոնք ազդում են բակտերիաների վրա և կոչվում են «բագ»։ Իրենց՝ այս նշանակությունը վիրուսները կատարում են միշտ և ակտիվ բազմանալով։
Մարդկանց հարցում, իհարկե, վիրուսների ազդեցությունը տարբեր է․ «Իհարկե, որոշ վիրուսներ մարդու մոտ չեն տալիս սուր, ծանր դրսևորումներ՝ հիվանդությունների առաջացման տեսանկյունից, որոշները տալիս են։ Դա իհարկե, տարբեր գործոններով կարող է պայմանավորված լինել՝ ինչպես անհատապես մարդու պաշտպանական մեխանիզմների մակարդակից, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբեր հիվանդությունների առկայությունից․ այն, որ հիվանդներին դուրս են բերում բնությունից, այդ դերը վիրուսները կատարում են»։
Հենց սա է պատճառը, որ այլ վիրուսների հետ համեմատաբար հաշտ ապրող մարդը այսպես պատին սեղմվեց կորոնավիրուսի դեպքում։ Սա, իհարկե, պրոֆեսորի համոզմամբ, երկար չի տևի, քանի որ այս ոլորտում ուսումնասիրությունների առումով մարդիկ շատ առաջ են գնացել։
Վիրուսին «սպանել» ասվածը խիստ հարաբերական է՝ կենսաբան-պրոֆեսորի տեսանկյունից այդպիսի հարց անգամ չպետք է ծագեր․ «Վիրուսին սպանել ասածը՝ ես չեմ հասկանում ինչ նկատի ունեք․․․ որովհետև վիրուսները բազմանում են բավական բարձր արդյունավետությամբ՝ մեկ բջջում կարող է առաջանալ նույնիսկ հազարավոր վիրուսային մասնիկներ։ Այնպես որ, դրանք դուրս են գալիս օրգանիզմից և իհարկե բնության մեջ կարող են երկար ժամանակ պահպանվել՝ նորից վարակելով այլ մարդկանց»։
Լուծում, այնուամենայնիվ, կա․ տարբեր դեղամիջոցներով քայքայում են վիրուսի սպիտակուցները, նուկլեինաթթուները, կամ էլ խթանում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմը և այն դուրս բերում օրգանիզմից։ Ամեն դեպքում, միևնույն դեղորայքը բոլոր վիրուսների վրա միանման ազդել չի կարող և միայն բժիշկ-մասնագետը կարող է ընտրել՝ որ դեպքում ինչ բուժում նշանակի։
Այն, որ կորոնավիրուսով հիվանդներին բուժում են ՄԻԱՎ-ով հիվանդների դեղորայքով, դա դեռ չի նշանակում, որ նույն հարուցիչն է՝ վստահեցրեց պրեֆեսորը․ «Դրանք մոտ են՝ վիրուսները, բայց նույնը չեն։ ՌՆԹ պարունակող վիրուսների մեջ ընդհանրություն կա, բայց կոնկերտ նրանց շտամների հարցում՝ ամեն տարի ի հայտ են գալիս նոր շտամներ, քանի որ վիրուսները փոփոխական են»։
Այս վիրուսի դեպքում դեռևս վերջնական մշակված դեղամիջոց չկա․ «Աշխատանքներ տարվում են և ես հուսով եմ, որ կմշակվի»։
Բոլորիս ահաբեկած կորոնավիրուսը ամենևին էլ յուրահատուկ չէ՝ վստահեցնում է Արմեն Թռչունյանը․ «Որպես կորոնավիրուս յուրահատուկ չէ, ո՛չ, որովհետև կորոնավիրուսները հայտնի են և դրանք բնության մեջ կան, նույնիսկ տեղեկատվություն կա այն մասին, որ տարբեր տարիների, այդ թվում՝ այս տեսակի վիրուսների տարածման ավելի բարձր ժամանակահատվածներում, նրանք եղել են։ Կոնկրետ COVID-19 կոչված վիրուսը, առայժմ եղած տեղեկություններով, ավելի ծանր հետևանքներ է տալիս և արագ բազմանում է: Այդ բոլորն, իհարկե, պետք է լրջորեն ուսումնասիրվի, որպեսզի հնարավոր լինի գիտական եզրակացություն կատարել»։
Կենսաբանների համար վիրուսները երբեք վերահսկողությունից դուրս չեն եղել, պարզապես խնդիրն այն է, որ դեռ 5 տարի առաջ կենսաբանները այս վիրուսի մասին հոդվածներ են հրապարակել ամենահեղինակավոր ամսագրերում, աշխատանքներ են կատարել, բայց նրանց ներկայացրած արդյունքներին շատ մեծ ուշադրություն չի դարձվել։ Արմեն Թռչունյանը կարևոր է համարում, որ համապատասխան ոլորտները կիրառեն այդ արդյունքները և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն՝ շեշտադրելով կանխարգելիչ միջոցառումները։
«Այն, որ բնությունը ձգտում է և առաջին հերթին մարդը պետք է ձգտի պահպանել հավասարակշռությունը բնության մեջ, սա շատ կարևոր է և դրան պետք է ուղղված լինեն կանխարգելիչ, բնապահպանական միջոցառումները։ Հավասարակշռությունը խախտվելու դեպքում կարող ենք ունենալ տարբեր հետևանքներ՝ այդ թվում մարդու համար ոչ ցանկալի»,-ասաց նա։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի մանրէաբան Վաքսմանն ասել է, որ ավելի դաժան պատերազմ է սկսվելու միկրոօրգանիզմների և մարդկանց, վիրուսների և մարդկանց միջև և այս պատերազմի ելքի համար մեծ պատասխանատվություն են կրելու կառավարությունները։
Արմեն Թռչունյանը՝ սա հիշեցնելով, բացատրում է Վաքսմանի խոսքի ենթատեքստը․ երբ ամերիկացի մանրէաբանը հայտնագործեց հակաբիոտիկներից երկրորդը, սկսեցին ենթադրություններ արվել, որ դրանց կիրառումով հնարավոր կլինի ազատվել ախտածին մանրէներից։ Նա, սակայն, այս հայտարարությունն արեց՝ վստահեցնելով որ այդպիսի հեշտ միջոցներով ազատվել հնարավոր չէ, կարճաժամկետ կարելի է, բայց մենք կանգնած ենք այդ պատերազմի առջև և պետք է կառավարությունները մեծ ուշադրություն դարձնեն ախտածին մարնէների մասին տեղեկատովությանն ու միջոցներ ձեռնարկելով՝ հաղթենք այդ պայքարում։
«Հետևություններ արված են, միջոցառումներ իրականցվում են, դեղամիջոցներ մշակված են, ախտահանության տարբեր միջոցառումներ իրականցվում են։ Ընդհանրապես, շատ առաջ է գնացել վիրուսների մասին աշխատանքը և վերջակետ դնել չի կարելի։ Հաճախ, երբ ասում ենք՝ ինչո՞վ են զբաղված գիտնականները՝ նրանք կատարում են իրենց աշխատանքը, ցավոք սրտի, նրանց ուսումնասիրությունների արդյունքներով, շատ ավելի պետք է հետաքրքրվել»,-ասաց Արմեն Թռչունյանը։
Հայ գիտնականներն էլ, որոնց աշխատանքի մասին վարչապետ Փաշինյանը մի առիթով ասաց, որ «սուրճ են խմում և գնում տուն», կենսաբանական ուսումնասիրությունների ոլորտում հսկայական աշխատանք են արել։
«Այն, որ մենք զբաղված ենք բավական արդիական հարցերով և ունենք որոշակի հաջողություններ, միանշանակ կարող եմ ասել։ Կենսաբանությունը 21-րդ դարի գիտություն է համարվում, քանի որ լրջորեն վերանայում ենք եղած-չեղածը, նոր եզրահանգումներ ենք կատարում և դրանք տեղական բնույթ չունեն․ մենք աշխատում ենք միջազգային հանրության համար, մեր շատ գիտանակնների աշխատանքի արդյուքների մասին հրապարակումներ կան գիտական լուրջ ամսագրերում»,-ասաց Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանը։
Երկրի ներսում նրանց աշխատանքի հանդեպ ուշադրությունը փոքր է և այս մասին շատ խոսելուց ոչինչ չի փոխվում։
Աննա Բալյան