Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ անդամները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եղան Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանը և Պետրոս Մեղրյանը հանդիպեցին չարենցավանցիների հետ:
Աղվան Վարդանյանը, խոսելով ՀՅԴ-ի` առանձին իրականացվող քարոզչության մասին, նշեց, որ Չարենցավանում հանդիպումը առաջինն է մարզային հանդիպումների շրջանակներում: Այսօր և վաղը չորս մարզերում հանդիպումներ կանցկացնեն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պագամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը: Առաջիկա շաբաթ, կիրակի օրերին կլինեն Հայաստանի մնացած մարզերում. յուրաքանչյուր մարզում 3-4 հանդիպում է նախատեսված:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին` Աղվան Վարդանյանը նշեց, որ Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որով երկիրն ապրելու է առաջիկա 10-20 տարիներին` անկախ այն բանից` կընդունվե՞ն սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ:
«Ուղղակի ասել «ոչ» սահմանադրական փոփոխություններին, չքննարկելով այդ փոփոխությունների բովանդակությունը և չհամեմատել նախկինի հետ, նշանակում է մասնակից չլինել: Վաղը Սահմանադրությունը բոլորինն է դառնալու, և այն, ինչ մերժել ես` առանց հիմնավորման, դու ապրելու ես այդ պայմաններում: Այս առումով շատ կարևոր է, որ իսկապես բովանդակային քննարկում լինի, ինչ ունեն, և ինչն է փոխվելու»,- ասաց նա:
Վարդանյանի խոսքով` վատն այն է, որ սահմանադրական փոփոխությունները քննարկում են իշխանություն-ընդդիմություն համատեքստում, այսինքն` եթե իշխանությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին, ուրեմն ընդդիմությունն անպայման պետք է դեմ լինի:
«Դաշնակցությունն ընդդիմություն է, բայց կողմ է սահմանադրական փոփոխություններին, որովհետև Դաշնակցությունը 20-23 տարի շարունակ անընդհատ ասել է, որ ճիշտը խորհրդարանական համակարգն է, այլ ոչ թե նախագահական կամ կիսանախագահական համակարգը: Մենք մեր տեսակետներն ու սկզբունքները երբեք չենք փոխել»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանը հավելեց, որ ներկայումս ունենք անունով կիսանախագահական համակարգ, բայց բոլոր մտածող մարդիկ հասկանում են, որ ունենք սուպերնախագահական համակարգ, երբ իրականում մեկ մարդ է որոշում բոլոր հարցերը, քանի որ ԱԺ-ում մեկ կուսակցության մեծամասնություն ունենք, նախագահն ու վարչապետը նույն կուսակցությունից են, և բոլոր հարցերը լուծվում են մեկ տեղում: Մինչդեռ` խորհրդարանական կառավարման համակարգում որոշումները կայացվում են կոլեգիալ ձևով, բոլոր հարցերը քննարկվում են ԱԺ-ում` բաց, թափանցիկ ձևով, և կառավարությունն էլ պարբերաբար հաշվետու է ԱԺ-ին:
«Մենք երկար ժամանակ պայքարել, կռիվ ենք տվել, համոզել, որ մեծամասնական համակարգը չարիք է մեր պետության համար, որովհետև այս 20-23 տարիների ընթացքում իշխանությունը կարողացել է իր համամասնականով բերած տոկոսներին ավելացնել մեծամասնականով անցածներին ու ստանալ մեծամասնություն: Եվ երբեք իշխանությունն իր գործադրած ընտրակաշառքներով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողացել միայն համամասնականով կազմել մեծամասնություն: Նույնիսկ այսօրվա պառլամենտում, եթե հանենք մեծամասնական տեղերը, ապա որևէ կուսակցություն մեծամասնություն չունի: Եվ 100 տոկոս համամասնականով շանսերը՝ մեծամասնություն կազմելու, էապես նվազում են»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Չարենցավանցիները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, և բոլոր հարցերին ՀՅԴ անդամները տվեցին սպառիչ պատասխաններ: Վերջում Աղվան Վարդանյանը կոչ արեց չարենցավանցիներին` անտարբեր չլինել և գնալ, քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին, քանի որ այն տալիս է երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորություն: