կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 03:35
Առանց Կատեգորիա

Մեկնարկեցին արտագաղթի հաղթահարման ՀՅԴ ծրագրի շուրջ մասնագիտական քննարկումները

Մեկնարկեցին արտագաղթի հաղթահարման ՀՅԴ ծրագրի շուրջ մասնագիտական քննարկումները

Ազգագրագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները սկսեցին ՀՅԴ ներկայացրած` արտագաղթի հաղթահարման ծրագրի մասնագիտական քննարկումները:

 

Սեպտեմբերի 17-ին, ներկայացնելով արտագաղթի հաղթահարման` «Մենք ապրելու ենք մեր երկրում» անունը կրող ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել էր, որ ՀՅԴ-ն չի հավակնում մենաշնորհել այդ ծրագիրը, որ այն բաց է քննարկումների եւ համատեղ խմբագրումների համար, նաեւ հայտնել, որ տարբեր մասնագիտական խմբերի հետ կլինեն համապատասխան քննարկումներ` ծրագիրն էլ ավելի բարելավելու եւ կատարյալ դարձնելու նպատակով:

 

Ծրագրի ներկայացման հաջորդ օրն արդեն, ինչպես եւ խոստացել էին հեղինակները, սկսվեցին մասնագիտական քննարկումները: Առաջին հանդիպումը սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների հետ էր: Արտագաղթի հաղթահարման ծրագրի մասնագիտական առաջին քննարկմանը մասնակցում էին ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը, Մխիթար Գաբրիելյանը, Համլետ Սարգսյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Գեւորգ Պողոսյանը, էթնոսոցիոլոգ Աղասի Թադեւոսյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը և ակտիվ ու այս հարցով հետաքրքրված քաղաքացի Գագիկ Թադեւոսյանը: Ծրագրի հեղինակներից հանդիպմանը մասնակցում էին Արծվիկ Մինասյանն ու փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Մասնագետներին նախնական ծրագիրը ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նախ` նա ներկայացրեց, թե ինչ հիմնավորումներ ունի ծրագիրը, այնուհետեւ, ըստ կետերի, ներկայացրեց ծրագրի 11 հիմնադրույթները: Արդեն իսկ ներկայացման ժամանակ մասնագիտական որոշ կարծիքներ ու քննարկումներ ծավալվեցին, բայց քանի որ մասնագետները ամբողջապես ծանոթ չէին այս ծրագրին, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն ուսումնասիրել ու գրավոր տեսքով ներկայացնել առաջարկություններ` հետագա քննարկման համար:

 

Ներկաները պայմանավորվեցին նաեւ, որ ծրագիրն այնքան խորն է ու համակողմանի, որ դրա վրա աշխատելու եւ լուրջ արդյունքների հասնելու համար դեռ մի քանի նման հանդիպումներ են հարկավոր` այս ծրագիրը իսկապես համազգային ծրագրի վերածելու համար` դարձնելով այն ամրակուռ եւ անխոցելի դրույթներով, հիմնավորումներով ու փաստարկներով, եւ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը նախանշելու համար:

 

Մասնագիտական քննարկումները կլինեն շարունակական: